Երեւանում կտնկվի 15 հազար ծառ ու թուփ. համաքաղաքային ծառատունկ ու շաբաթօրյակ` հաջորդ շաբաթ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին եւ շաբաթօրյակին ընդառաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ըստ այդմ, ոռոգելի տարածքներում կտնկվի շուրջ 15000 ծառ եւ թուփ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին նորատունկ ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն, այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին:
Զանգվածային ծառատունկերի հիմնական վայրերը կլինեն «Փարոսի», Եռաբլուրի անտառ-պուրակները, Տիգրան Մեծ պողոտայի զբոսայգին, Արգավանդի խճուղին եւ Դավթաշենի ուղեկապ կամրջի շրջակայքը: Առանձնացվել են նաեւ այն հատվածները, որտեղ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրման լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն:
Մայրաքաղաքը համատեղ ուժերով եւս մեկ անգամ մաքրելու եւ ծառատունկ իրականացնելու գործին կմասնակցեն Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական եւ մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ բնակիչներ: Մասնակիցները տեղերում կապահովվեն անհրաժեշտ պարագաներով եւ գործիքներով:



