Արտակ Սարգսյան. «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սահմանափակվում է միայն փառատոներով»
ОБЩЕСТВОԻ տարբերություն նախորդ տարիների՝ խաղողի մթերումն այս տարի առանց քաշքշուկների է անցել: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Վերամշակող ընկերությունների մեծ մասը տեղում են վճարել խաղողագործներին: Այդուհանդերձ, կան գործարաններ, որոնք դեռ պարտք են: Դա էլ, բայց, համաձայնեցված է գյուղացու հետ:
«Պայմանագրի մեջ նշված են, երբ են վճարումները կատարելու՝ մինչև նոյեմբեր պարտքերը կտան»,– նշեց Սարգսյանը:
Այս տարի խաղողի բերքատվությունն աննախադեպ ցածր է եղել: Արտակ Սարգսյանը դեռ վերջին ճշտումներն է կատարում թիվը հրապարակելուց առաջ: Բայց պնդում է՝ բերքը քիչ է: Սա էլ իր պատճառներն ունի:
«2015 թվականից սկսած խաղողի մշակությանն ուշադրություն չդարձրեցին և ոլորտը քայքայվեց: Խաղողը բազմամյա կուլտարա է, եթե մի տարի չաշխատես, ինքը դրանից սկսում է հետ գնալ»,– փաստեց նա:
Մթերման գինը նվազել է: Սարգսյանի փոխանցմամբ՝ միայն երկու գործարան՝ «Երևանի կոնյակի» և «Արարատի կոնյակի–գինու–օղու կոմբինատ»–ն են 130 դրամով խաղող ընդունել:
«Գործարան կա, որ 100 դրամով էլ է ընդունել: Խաղողի պահանջարկ կար, բայց գինը նվազեցրեցին, ինչո՞ւ»,– հարց բարձրացրեց Խաղողագործների միության նախագահը:
Լոռու մարզի Փոքր Այրում համայնքի խաղողագործներին մթերման գինը չէ որ անհանգստացնում է: Նրանք դժվարությամբ են խաղող հանձնում: Տավուշի մարզում են խաղող իրացրել: Նրանց խոսքով՝ խաղող հանձնելու դեպքում պետք է մեջք ունենաս:
«Սահմանափակ քանակությամբ են խաղող ուզում: Այստեղից միանգամից Արմավիրի մարզի գործարաններ խաղող չես կարող տանել, եթե ծանոթ չունեցար: Եթե մարդ ունենք, զանգում խնդրում ենք, որ միջնորդի խաղողն ընդունեն»,– բողոքեց գյուղացին:
Տեղափոխման ծախսերն էլ խաղողագործի ուսերին է: Ըստ նրանց՝ եկամուտն ու ծախսերը հավասարվում են իրար: Չնայած այս ամենին՝ ամբողջությամբ բերքն իրացնել նրանց չի հաջողվում:
«Սեղանի սորտերը ոչ մի գործարան չի ընդունում: Շուկայում էլ հնարավոր չէ այդքանը վաճառել: Մենք էլ գինի ու օղի ենք թորում»,– ներկայացրեց Փոքր Այրումի բնակիչը: Մթերման խնդիրների պատճառով այստեղ շատերը հրաժարվում են խաղող մշակել:
Իսկ 2016 թվականին գյուղնախարարությանը կից ստեղծվեց Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որը նպատակ ունի զարգացնել խաղողագործությունը:
Արտակ Սարգսյանը նկատեց, որ այդ հիմնադրամը առայժմ սահմանափակվում է միայն գինու գովազդով:
«Զբաղված է ցուցահանդեսներով, գինու արտադրության ռեկլամներով ու փառատոներով, բայց խաղողագործության ոլորտում ոչ մի աշխատանք դեռ չի անում»,– մտահոգվեց նա:
Հիմնադրամի ծրագրերից է նաև Հայաստանի խաղողագործական տարածքների քարտեզագրումը, որն ընդհանուր պատկերացում կտա, թե իրականում քանի հեկտար խաղողի այգի կա և որտեղ են դրանք տեղակայված: Այն խաղողագործության և գինեգործության իրավական դաշտը կարգավորելու համար ևս դեր կունենա:



