Իսլամիստները չեն նահանջում Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕՀավանաբար, Աստանայի զարգացումներից, իսրայելական ռմբակոծումներից, ԱՄՆ–ի և դաշնակից քրդերի գործողություններից ոգևորված՝ Ֆայլաք ար–Ռահման և Ջեբհաթ Ֆաթհ աշ–Շամ ահաբեկչական խմբավորումների գրոհայինները երեկ փորձել են գրոհել Դամասկոսի նահանգի արևելքում տեղակայված Գուտայի ուղղությամբ: Al Masdar–ի փոխանցմամբ՝ սիրիական բանակը գործի է դրել իր նոր անօդաչուները և համարյա ամբողջովին ոչնչացրել ահաբեկիչների ապաստարանները: Միաժամանակ՝ բանակը մայրաքաղաքից հարավ ընկած Ալ–Յարմուկ ճամբարում է վերսկսել կատաղի մարտերը ԴԱԻՇ–ի դեմ՝ փորձելով վերահսկել այս տարածքը, որում, ըստ արաբական մեդիայի, իսրայելական ու ամերիկյան հրահանգիչներ են երևացել:
Ի դեպ, հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել նաև Հալեպի նահանգում, որտեղ Թուրքիան իր երկդիմի քաղաքականությունն է շարունակել: Մասնավորապես, Անկարայի կողմից հովանավորվող Ֆիրքաթ ալ–Խամզա խմբավորումն իր վարժանքների ճամբարը տրամադրել է, այսպես կոչված, զինված ընդդիմության ժամանակավոր կառավարությանն ու Ազգային բանակին՝ հուսալով, որ ամռանը միավորված 45 փոքր խմբավորումները կարող են նախ՝ Հալեպից քրդերին քշել, ապա նաև, նոր իրավիճակի դեպքում, շարունակել պայքարը Ասադի դեմ: Պաշտոնական Դամասկոսը չի արձագանքել կատարվածին, բայց ակնհայտ է, որ Սիրիայի տարածքից թուրքական ուժերի անհապաղ դուրս բերելու՝ նրա պահանջն այժմ նաև ռուսները պիտի հաշվի առնեն:
Վերջիններիս համար, ի դեպ, խնդիրներ են ստեղծվել նաև Հոմսում, որտեղ Իսրայելն անցյալ գիշեր ոչ միայն ռմբակոծեց Հիսսա քաղաքը, այլև հասավ իսլամական վեց փոքր խմբավորումներին Ջեյշ Հոմս նոր խմբավորման շարքերում միավորելու երազանքին: Ինչպես երևում է՝ նախկինում իրենցից ոչինչ չներկայացնող Լիվա Թալլ–Բիսա, Քաթիբ Սայֆ ալ–Իսլամ, Լիվա Անսար ալ–Սուննա, Լիվա Անսար ալ–Հաքք խմբերի միասնական ճակատն այժմ ձեռքերը ծալած չի նստի, և Դամասկոսը ստիպված է լինելու սրանց հարցը անհապաղ լուծել: Մի բան, որ այս պահին հաջողությամբ է ընթանում Դեյր էզ–Զորի նահանգում, որտեղ իսլամիստներից ու ԴԱԻՇ–ից մաքրվում են նահանգի կենտրոնն ու ծայրամասերը, իսկ իրանական ուժերն ու Հըզբոլլահը մի գիշերվա մեջ 15կմ. տարածք են ազատագրել Դեյր էզ–Զորից Աբու Քեմալ տանող ճանապարհին: Ասադի բանակն այս պահին վերջինից 50կմ. հեռավորությամբ են գտնվում, և հուսանք՝ գլխավոր նավթահանքերի ազատագրումն օրերի հարց է այլևս:
Գալով Դարաային՝ հարկ է նշել, որ բանակն այստեղ պասիվ է. առայժմ հիմնական պայքարն ընթանում է Թուրքիայի հովանավորյալ Սիրիայի ազատ բանակի և ԴԱԻՇ–ի դրոշի տակ կռվող Ջեյշ Խալիդ իբն ալ–Վալիդ խմբավորման միջև: Նույն իրավիճակն է նաև Իդլիբի նահանգում, որտեղ, հաջողության դեպքում, Թուրքիան հայտարարել է ռազմական բազա հիմնելու վերաբերյալ: Այլ իրավիճակ է Համի նահանգում, որի հյուսիսում Թուրքիայի հովանավորյալ այս ուժերը միացել են Ջեբհաթ Ֆաթհ աշ–Շամի հանցագործներին՝ Ար–Ռահջանում միասնական հարված տալով կառավարական բանակին: Ցավոք, Al Masdar–ը հավելյալ լուրեր չէր փոխանցում: Փոխարենը՝ կոալիցիայի ղեկավարությունն էր հերթական անգրագիտությունը տարածել, հաղորդելով, թե Դեյր էզ–Զորից բնակչությունը փախչում է Ասադից, այն էլ ոչ թե դեպի հարավ՝ արաբների կողմը, այլ հյուսիս՝ Ալ–Մայադին, քրդերի ուղղությամբ: Հավանաբար, կոալիցիան պիտի աշխարհագրություն սովորի կամ գոնե քարտեզին նայի, որովհետև Ալ–Մայադինը Դեյր–էզ–Զորից հարավ է գտնվում, ոչ թե՝ հյուսիս: Բացի այդ, Ալ–Մայադինը Ասադի, ոչ թե քրդերի ձեռքին է: Հյուսիսում էլ Ռաքքան է, որը կոալիցիայի շնորհիվ այնպիսի ավերակների է վերածվել, որ ոչ ոք չի էլ երազի այնտեղ հայտնվել...
Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը



