Հրաչ Բերբերյան. «Մեր խայտառակությունը տոմատի մածուկ ներկրելն է»
ОБЩЕСТВОՀայաստանը պատրաստ է ոչ միայն մրցակցել, այլև հետ մղել ռուսական շուկա այժմյան լոլիկ մատակարարողներին: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը «Риа Новости» գործակալությանը տված հարցազրույցում:
Գործակալության փոխանցմամբ՝ բանջարեղեն և միրգ արտադրող հայկական խոշորագույն «Սպայկա» ընկերության լոլիկի արտահանումը դեպի ռուսական շուկա 2016–2017 թթ.–ին աճել է՝ հասնելով տարեկան 30 հազար տոննայի:
Հայաստանն ի զորու է մեծ քանակությամբ լոլիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պնդեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինս նշեց, որ մեր երկրում բանջարեղեն արտադրելն ավելի քիչ էներգատար է, քան Ռուսաստանի Դաշնությունում:
«Մեզ մոտ ջերմոցում բերք արտադրելու համար 2–3 ամիս է ջեռուցում պահանջվում, Ռուսաստանում՝ 7–8: Մեր ջերմոցներն այսօր մրցունակ են ՌԴ–ի ջերմոցային տնտեսությունների արտադրանքի հետ: Այստեղ, միանշանակ, կասկած լինել չի կարող»,– մատնանշեց Բերբերյանը:
Հայաստանից լոլիկի արտահանման ծավալներն այս տարի կտրուկ նվազել են: Առաջին կիսամյակում արտահանվել է 18,5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց: Նվազումը կազմել է 40%:
Հրաչ Բերբերյանը դեռ չի շտապում գնահատական տալ: Թվերը դեռ ճշտում է: Մեկ ամսից արդեն հստակ կասի՝ լոլիկի արտահանման տատանումներ եղել են, թե՝ ոչ:
«Կարծում եմ՝ տենդենցը պահպանվել է»,– ասաց նա:
Փորձագետի խոսքով, սակայն, լոլիկի արտադրության խնդիրներ ունենք: Ի տարբերություն ջերմոցների՝ բաց դաշտերում լոլիկի աճեցման ծավալները կաղում են:
«Ունենք մորմազգիների ցեց, որի դեմ գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չարեց ու չի էլ անի: Չեն էլ հասկանում, թե ինչ անեն: Պետք է սրսկումներ անեն՝ 7 սրսկում է պետք, բայց չեն անում»,– կարևորեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Գրանցված երաշտն էլ իր սև գործն արել է լոլիկի արտադրության հարցում: Գյուղացին մեծ քանակությամբ բերք է կորցրել:
Ըստ նրա՝ եթե ցեցի դեմ արդյունավետ պայքար լինի, կարող ենք նաև տոմատի մածուկի արտադրությանը զարկ տալ:
«Մեր խայտառակությունը տոմատի մածուկ ներկրելն է: Հայրենական արտադրություն չունենք: Օգոստոս ամսին ցեցը դաշտը վերացնում է»,– նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Հայաստանն ապահովում էր ամբողջ ԽՍՀՄ–ի տոմատի մածուկի ավելի քան 20%–ը:
Վերջին երկու տարիներին մեր հանրապետությունից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ աճել են. ասվածը փաստում է Ազգային վիճակագրական ծառայության հայտնած տվյալները:
Այսպես՝ 2015–ին Հայաստանից արտահանվել է 1254 տոննա լոլիկ, իսկ 2016–ին` 36,200 տոննա: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ անցյալ տարի լոլիկի արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 298,1 հազար տոննա: Ստացվում է, որ մեկ տարվա մեջ լոլիկի արտահանումն աճել է շուրջ 28 անգամ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2016–ի հունվարի 1–ից սահմանափակել էր Թուրքիայից մի շարք գյուղատնտեսական արտադրանքների ներկրումը: Այդ որոշումը կայացվել էր 2015–ի նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական Սու–24 ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո: Վերջերս Ռուսաստանը պաշտոնապես թույլատրել է նոյեմբերի 1–ից թուրքական լոլիկի ներկրումը՝ երկրի գյուղատնտեսության նախարարության հաստատած ծավալների շրջանակում:
Մանյա Պողոսյան



