6–7 տարի է՝ արտգործնախարարությունից դեսպան չի նշանակվել
ОБЩЕСТВОՎրաստանում Հայաստանը նոր դեսպան ունի: ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը կփոխարինի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին: Ռ. Սադոյանը հերթականն է այն դեսպաններից, ովքեր դիվանագիտական կրթություն չունեն:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի խոսքով՝ դեսպանի պաշտոնը ցանկացած պետության համար կարևորագույն նշանակություն ունի:
«Դեսպան լինելու համար մարդիկ երկար տարիներ սովորում են, փորձ են ձեռք բերում: Այն բավականին լուրջ մասնագիտություն է: Որքանով հիշում եմ՝ արդեն 6–7 տարի է՝ ՀՀ ԱԳՆ–ից դեսպան չի նշանակվել: Ցավոք սրտի՝ բոլորը դրսից են: Հատկապես տարօրինակ է, որ նշանակվում են մարդիկ, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել ո՛չ դիվանագիտության և ո՛չ էլ արտաքին հարաբերությունների հետ: Վրաստանի պարագայում պետք է լիներ մեկն, ով տիրապետում է վրացերենին: Մյուս կարևոր պահանջը փայլուն անգլերենն է, որովհետև դիվանագետների հետ անհատական շփումները կարևոր են, իսկ թարգմանչի միջոցով դա չի լինի անել: Ոչ ոք երրորդ անձի ներկայությամբ ձեզ հետ անկեղծ խոսակցություն չի վարի: Իսկ իրական ընկալումը հետևյալն է՝ դե ռուսերեն գիտեն, «յոլա» կգնան»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Պապյանը՝ հավելելով, որ այդ ընկալումը սխալ է հատկապես Վրաստանի պարագայում, որտեղ ռուսերենի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք կա:
«Ընդհանրապես մեր դիվանագիտական կորպուսի նկատմամբ խտրական վատ վերաբերմունք կա: ԱԳՆ–ում մենք շատ լավ մասնագետներ ունենք, բայց նրանցից որևէ մեկը չի նշանակվում, իսկ այդ մարդը ոչ մի օր դիվանագիտության մեջ չի եղել, պատգամավոր է եղել ու երբեք չի խոսել: Մենք նրա մասին ոչինչ չգիտենք՝ սա է խնդիրը: Գիտենք միայն, որ Գագիկ Բեգլարյանի մարդն է, որ Բեգլարյանն է լոբբինգ արել, որ նրան դեսպան նշանակեն»,– ասաց նա:
Արա Պապյանի խոսքով՝ պետք է հաշվի առնվեր նաև ներկա իրավիճակը. «Հենց այս օրերին խոսվում է Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի մասին: Խոսվում է, որ Վրաստանը հետզհետե ավելի է ներառվում թուրք–ադրբեջանական շրջագծի մեջ: Այս դեպքում փայլուն դիվանագետ պետք է նշանակեին: Վարդանյանն էլ մի բան չէր, այս անձն էլ մի բան չէ»: Ըստ մեր զրուցակցի՝ դեսպանների վերջին նշանակումները փաստում են, որ ոչ ոք նորմալ կրթություն չունի. «հարց է առաջանում, ինչո՞ւ եք միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ պահում, ինչո՞ւ եք մարդկանց ուղարկում լավագույն համալսարաններ, եթե ի վերջո նշանակումը կատարվում է ծանոթ–բարեկամ սկզբունքով: Եկեք ավելորդ գումարներ չծախսենք, փակենք ֆակուլտետները:
Արա Պապյանը նշեց՝ չի կարծում, թե նման դեսպանների նշանակումները երկրորդ երկրի կողմից կարող է դրական քողի տակ դիտվել. «Մենք ընդունող երկրներին ծանր վիճակի մեջ չպետք է դնենք՝ ներկայացնելով նման թեկնածուներ: Դա, իհարկե, լավ չի դիտվում նրանց կողմից: Չպետք է մոռանանք, որ Թուրքիայի դեսպանը Թբիլիսիում մեծապես զբաղվում է Հայաստանով: Իսկ մեր դեսպանն այնպիսի մեկը պետք է լիներ, ով նաև կկարողանար զբաղվել նաև հայ–թուրքական հարաբերություններով: Իրանի պարագայում էլ մեր դեսպանն իրանագետ չէ, լեզու չգիտի: Այս երևույթը մեր դեպքում գրեթե համատարած է, մենք մասնագետներին չենք նշանակում: 90–ականների և 2000–ականներին էր, որ մասնագետներին էին նշանակում, բայց այդ շրջանը վաղուց մահացել է: Այդքանից հետո մեր դիվանագետների վրա մուննաթ են գալիս ու ասում, թե գնում են արտասահման ու այնտեղ են աշխատում: Իսկ ի՞նչ անեն, երբ իրենց աշխատանքը չի գնահատվում»:



