Թևան Պողոսյանը՝ պայքարը սերնդեսերունդ փոխանցելու մասին
ПОЛИТИКАԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել՝ նշելով, որ Արցախի խնդրի ցավալի լուծումը այն սերնդեսերունդ փոխանցելու մեջ է: Քանի որ ըստ նրա՝ հակառակ դեպքում՝ զիջումների հաջորդ օրը մենք կվերանանք և, բնականաբար, ոչ մի ցավ էլ չենք զգա:
«Ասում ենք՝ Արցախի խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Համաձայն եմ։ Իմ պատկերացմամբ` երկու լուծում կա, ու, այո, երկուսն էլ ցավոտ։ Մեկը բանակցային լուծումն է, մի բան հանձնելու–մի բան վերցնելու՝ այսօրվա քննարկվող փաթեթը։ Ինչ–որ բան հանձնելն իհարկե ցավոտ է։ Մյուս լուծումը ոչ մի բան էլ չհանձնելն է, այսօրվա պես շարունակելն է, խնդիրը սերնդեսերունդ փոխանցելը։ Սա էլ ցավալի լուծում է, քանի որ անընդհատ կլինեն լարումներ ու պատերազմներ, անընդհատ կլինեն կորուստներ ու զրկանքներ։ Ահա սրանք են երկու տարբերակները, ցավոտ լուծումները։ Վերջին ժամանակների դիտարկումներս ինձ կամաց–կամաց տանում են դեպի խնդրի լուծման երկրորդ տարբերակ»,– գրել է Թ. Պողոսյանը։
Past.am-ի հետ զրույցում Պողոսյանը մանրամասնեց, թե ինչու է այդպես կարծում. «Ինձ համար զիջումների գնալն այլևս ցավալի չէ, որովհետև զիջումների գնալու հաջորդ օրը ես այլևս չեմ լինելու՝ մեր թշնամին մեզ ոչնչացնելու է: Եթե ես գոյություն չունեմ, ես ցավ կարո՞ղ եմ զգալ: Եթե զիջում եմ, վերանում եմ, ցավեր չեմ ունենա»:
Ըստ Պողոսյանի՝ հակառակը ցավոտ ու ցավ զգալով պետք է գիտակցել, որ պետք է պատրաստ լինել տանելու երկարատև սերնդեսերունդ պայքար. «Ես ուզում եմ պայքարեմ և թույլ չտամ, որ խնդիրս կորուստներով լինի, իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել երկարատև պայքարի»:
Քաղաքական գործիչը երկարատև պայքարը այսպես է պատկերացնում՝ ինչ էլ լինի, թշնամուն իմանալով, ունենալու ենք այդ ճանապարհը: Պատկերացնելով, որ եթե անգամ վաղը Հայաստանը ամենաժողովրդավար երկիրը դառնա, մեր թշնամին Ադրբեջանն է, ու նա կրակելու է. «Կարող է՝ նայելու է Հայաստանը ժողովրդավար է, ու այլևս չկրակի՞: Նույնիսկ Ժնևում պայմանավորվում են, 5 րոպե անց դիպուկահարը մեր զինվորի վրա է կրակում: Այլ բացատրություն պե՞տք է: Նայելու է, ասի, վայ, Հայաստանում կա անկախ դատական իշխանություն, ու չի՞ կրակելու:
Միգուցե մենք շատ դժվարությունների միջով պիտի անցնենք, բայց ես գոյություն եմ ունենալու, ես զգալու եմ: Պապիկս այդ խնդիրը փոխանցել է հայրիկիս, հայրիկս՝ ինձ: Ես արդեն պետք է գիտակցեմ, որ միևնույն է փոխանցելու եմ տղայիս, տղաս էլ՝ թոռանս: Ու սերնդեսերունդ մենք այդ խնդիրը փոխանցելու ենք: Հարցի չլուծելը անգամ լուծել է, որովհետև ինքն իրենից պայքար է ներկայացնում:
Այո՛, ցավալի է լինելու, որովհետև ցավալի ձևով պետք է մարդիկ հասկանան, որ բոլոր ազնիվ մարդկանց ընտանիքները, որոնց զավակները գնալու են ծառայելու, զրկանքների են գնալու, որովհետև թշնամին միևնույն է կրակելու է:
Խնդիրն այս րոպեին հարցի քննարկման մեջ քո պատրաստակամությունն է: 1994 թ. հրադադարը նույնպես ցավալի լուծում էր չէ՞ մեզ համար»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե ցավալի լուծումը երկար պատրաստվելու, պայքարելու ու երբևէ որևէ բան չզիջելու մեջ է. «Պետք է պայքարել, մյուսը ցավալի լուծում չէ, այլ՝ վերանալու: Իսկ եթե վերացած ես, ցավ չես զգում: Իսկ ես կարող եմ ապրել, եթե չեմ զիջելու, պայքարելու եմ»:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



