Թրամփն ուզում է առանց Կոնգրեսի հարվածել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Կոնգրեսից պահանջել են երկրի ռազմական ուժերից օգտվելու՝ նախագահի նոր արտոնությունը վավերացնելու դեպքում հանել ժամանակի ու աշխարհագրության սահմանափակումները, եթե նույնիսկ խնդիրը միջուկային հարվածին է վերաբերում: Պենտագոնի ղեկավարը Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում այդ հնարավորությունը տեսական է որակել՝ հայտարարելով, թե նման սցենարի իրականացումը հնարավոր է միայն ԱՄՆ–ի համար միջուկային սպառնալիքների և դրան անհապաղ պատասխան տալու անհրաժեշտության դեպքում:
Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվում է հոկտեմբերի 30–ին սկսված ռազմավարական միջուկային ուժերի Գլոբալ որոտ՝ Global Thunder կոչվող զորավարժությունների համատեքստում, որի ընթացքում, ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Մագուիրի խոսքով, մշակվում են գլոբալ հարվածի և հակահրթիռային պաշտպանության միջոցների գործողությունները: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ գեներալ Մեթիսը, փաստորեն, որոշակի անհարգալից վերաբերմունք է դրսևորել Կոնգրեսի նկատմամբ՝ հայտարարելով, որ օրենսդրի սահմանափակումների վերացումը միակ միջոցը չէ Պենտագոնի զինանոցում, և նրանք, որոնք կչափազանցնեն այս հայտի նշանակությունը, ստիպված կլինեն գիտակցել, որ, այսպես, թե այնպես՝ իրենց որոշումը չի կարող կապված լինել ամերիկյան զինված ուժերի օպերատիվ կառավարման հետ:
Ի դեպ, պետքարտուղար Թիլերսոնն էլ իր հերթին է հայտարարել, որ այս որոշումը որևէ կերպ չպետք է կապել նախագահ Թրամփի անձի հետ (հավանաբար, հիշելով դեմոկրատների այն պնդումները, թե՝ Թրամփի հոգեկան նկարագրի տեր մարդուն չպետք է միջուկային ճամպրուկ վստահել), որ՝ ԱՄՆ նախագահները մշտապես չեն վարանել ստեղծված սպառնալիքների դեպքում համարժեք պատասխան տալ, որը լավ պրակտիկա է եղել և շուրջ 70 տարի անխափան կերպով է ծառայել ժողովրդին:
Թե՛ պետքարտուղարը, թե՛ Պենտագոնի ղեկավարը խուսափել են պատասխանել օրենսդրի հարցերին՝ միջուկային սպառնալիքների հնարավոր հեղինակների վերաբերյալ և հաջողել են խուսանավել նույնիսկ այն դեպքում, երբ շատ կոնկրետ հարց է հնչել, օրինակ, Հյուսիսային Կորեայի և նրան հասցվելիք հնարավոր միջուկային հարվածի վերաբերյալ:
Բնականաբար, սենատորները հենց այնպես չէին հետաքրքրվում այս խնդրով: Նախ՝ Կորեական թերակղզում առկա ճգնաժամը բոլորի աչքի առջև է ծավալվում: Բացի այդ, հիշյալ լսումներին զուգահեռ, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին էր հայտարարություն տարածել այն մասին, որ Վաշինգտոնը մեծ հույսեր է կապում Պեկինի և Մոսկվայի հետ՝ Փխենյանի վրա քաղաքական ճնշում գործադրելու առումով
: Ավելին՝ Սպիտակ տանը չեն էլ թաքցնում, որ Հյուսիսային Կորեայի հետ կապված թնջուկը հանգուցալուծելու և հնարավոր դաշնակիցներին իր կողմը գրավելու նպատակով է Դոնալդ Թրամփը ճիշտ այս օրերին կազմակերպել իր խաղաղօվկիանոսյան–ասիական տուրնեն: Հետևաբար, եթե պետքարտուղար Թիլերսոնը Սենատի լսումներում հայտարարում է, որ «Նախագահը պիտի անհրաժեշտ օրենսդրական լիազորություններ ունենա, որպեսզի ԱՄՆ–ի առջև ծառացած սպառնալիքների դեպքում ոչինչ չսահմանափակի կամ չհետաձգի մեր արդյունավետ և արագ արձագանքը», ակնհայտ է, որ խոսքը, նախ և առաջ, Փխենյանի մասին է, և Նահանգներն ամենայն լրջությամբ են քննարկում Հյուսիսային Կորեային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը...



