Հոգևորական, որ սեփական մեղքերին պիտի թողություն տա
ОБЩЕСТВОՕրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի էջում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում հոգևորականը սպանված կենդանիների հետ էր լուսանկարվել: Իհարկե այս դեպքը հիշեցնում է մեզ շաբաթներ առաջ աղմուկ առաջացրած Շենավանի գյուղապետի պատմությունը, ով վստահեցնում էր, թե կենդանիներին չի սպանել, այլ ուղղակի ցանկացել է լուսանկարվել, այսպես ասած, որպես հիշատակ: Այս անգամվա «հերոսը» Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվն է՝ Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանը: Եվ եթե գյուղապետը ճարտարությամբ արդարանում էր, ապա ինչ արդարացում ունի հոգևոր սպասավորը, և առհասարակ՝ ինչպես կարելի է լինել հոգևոր հովիվ ու կենդանասպան:
Այս պատմության ամենատխուր կողմերից են նաև այդ հոգևորականի գրառումները՝ արված իր զոհերի լուսանկարների տակ. «Դե հիմա ստացվեց..., ես վախենալու բան չունեմ..., ես չէի ուզում, ինքը խնդրեց... հզորությունը ավարտվում է մարդկանց ձեռքերում...»: Ասում է, թե վախենալու բան չունի, տեսնես նա գոնե Աստծուց կվախենա: Դե արի ու սրանից հետո նման հոգևորականի մոտ ապաշխարության գնա:
Ինչպես և նախորդ պատմության դեպքում, այս դեպքերն էլ վաղեմություն ունեն, ըստ կայքի՝ լուսանկարները հրապարակվել են 2011–2012 թթ., իսկ նկարների մի մասն էլ Հայաստանում չի արվել:
Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են, որոնցից մեկը տափաստանային մկնաճուռակ է՝ գրանցված թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ միջազգային, և Հայաստանում հանդիպում է միայն միգրացիայի ժամանակ. «Մեզ մոտ չեն բնադրվում, գիշատիչ տեսակների մեծ մասն, առհասարակ, չվող են ՀՀ–ում:
Տափաստանային մկնաճուռակը հանդիպում է միայն չուի ժամանակ, որը միանշանակ դասվում է վերացող թռչունների շարքին, քանի որ միջազգային Կարմիր գրքի մեջ է ներառված որպես անհետացող տեսակ»:
Լյուբա Բալյանը միաժամանակ Հայաստանի թռչունների պահպանության միության (Armenian Society for the Protection of Birds) համահիմնադիրն է: Մեր հարցին, թե իմանալով, որ թռչունների ապօրինի որս է իրականացվել, իրենց կազմակերպությունը ինչ քայլեր է ձեռնարկում, պատասխանեց, որ ոչինչ էլ չեն կարող անել, քանի որ այդ խնդրի լուծումը իրավաբանական դաշտի հարց է: Ասում է, որ անձինք, որոնք բացահայտ որսագողությամբ են զբաղվում, որսում են թե՛ թռչունների, թե՛ այլ կենդանատեսակների, որոնք որսի տեսակ չեն համարվում, կամ էլ բացահայտ վաճառք են կազմակերպում փողոցներում՝ քաջ գիտակցելով, որ օրենքի կողմից չեն պատժվի: Ըստ մեր զրուցակցի՝ այս խնդիրը պետք է դուրս բերվի քրեական դաշտ, ինչը հնարավոր է անել քաղաքական կամքի դրսևորման դեպքում:
«Օրենքը չի պատժում որսագողին, քանի որ շատ անգամ հնարավոր չի լինում ներկայացնել ապացույց: Այսինքն՝ պիտի լինես մասնակից, որպեսզի վկայություն տաս: Ոչ մի տեսակի ֆեյսբուքյան լուսանկարներ կամ տեսանյութեր, ցավոք, հիմք չեն ծառայում, որի պատճառով էլ որսագողերը հեշտությամբ շրջանցում են այս ամենը: Կամ էլ վաղեմության խնդիրն է արդարացնում նրանց: Այսինքն՝ ի՞նչ, եթե մարդ են սպանել, և դա բացահատվել տարիներ անց, մարդասպանը չպիտի՞ պատժվի, նույն բանն է»,– նկատեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ՀՀԿ–ական գյուղապետի գործն էլ ի վերջո կարճվեց, Բալյանն ասաց, որ ինքը զգուշացրել էր, որ հենց այդպես էլ կլինի: Հարցին, թե նման դեպքերի առկայության պատճառը կարո՞ղ է նաև օրենքի բացի պատճառով լինել, պատասխանեց, որ չի կարող ասել, թե օրենսդրորեն որքանով է բաց, բայց այն, որ ոչ մի փաստացի նյութ, բացի կենդանի վկայությունից չի կիրառվում և բավարար հիմք չի հանդիսանում քրեական գործ հարուցելու և այդ անձանց պատժելու համար, փաստ է:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



