Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը
ОБЩЕСТВОՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն դերակատարումն ունի Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների հետագա խորացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իրաքյան համագործակցության օրակարգին՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը հնարավորություն է տալիս խորացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում:
Կողմերն անդրադարձան նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, գործարար շրջանակների միջև համագործակցության խթանման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:
Երկուստեք կարևորվեց իրաքահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ երկրների համագործակցության խթանման գործում։



