Մարտուն Գրիգորյանը վստահ է՝ նոր Սահմանադրությունը վերջ կտա թշնամանքին
ИНТЕРВЬЮ
ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «կողմ» էր քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Նկատենք, որ նախագիծը ենթադրում է մեծամասնական ընտրակարգից անցում համամասնական համակարգին, իսկ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինչպես գիտենք, ընտրվել է հենց մեծամասնական ընտրակարգով: Past.am-ը պատգամավորից հետաքրքվեց, թե ինչպես է տեսնում պատգամավորն իր խորհրդարանական գործունեությունն այն դեպքում, երբ վերանա մեծամասնական ընտակարգը:
Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ դեռևս 2012 թվականի քարոզարշավի ժամանակ նույնպես կողմ է արտահայտվել 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ապա ավելացրեց, որ նման սկզբունք կար նաև ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում:
«Ես սովոր չեմ շուտ-շուտ փոխել իմ դիրքորոշումները, եթե եղել եմ նման դիրքորոշման, ապա, անկախ նրանից, թե կոնկրետ ինձ հարմար է, թե հարմար չէ, լավ է, թե լավ չէ, կմնամ դիրքրոշմանս հավատարիմ: Ես այս հարցը դիտարկում եմ այն տեսանկյունից, որ մանավանդ փոքր քաղաքներում, մարզերում կամ համայնքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրման դեպքում հիմնականում առաջ է քաշվում լարվածություն ու թշնամանք: Ես մենակ կողմ եմ նրա համար, որ 100 տոկոս մեծամասնական ընտրակարգի դեպքում առաջ չի գալիս կոնկրետ անձերի խնդիր, այսինքն՝ սրանով դուրս ենք գալիս անձնական թշնամությունից »,- մանրամասնեց պատգամավորը:
Գրիգորյանն արդարացված համարեց նաև այն, որ պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ է ընդգրկվել որևէ քաղաքական ուժի ընտրացուցակում: Ըստ նրա՝ պատգամավորի նպատակը ժողովրդի խնդիրներին լուծում տալն է, իսկ եթե պատգամավորը գնում է Ազգային ժողով առանց թիմի, նպատակը դառնում է դժվար իրագործելի:
«Ինչքան էլ ժողովուրդը քեզ ընդունի, սիրի, եթե թիկունքիդ չկա քաղաքական թիմ, կանգնելու ես փաստի առաջ: Եթե ընտրողը քեզ ներկայացնի թեկուզ փոքր, բայց 4-5 խնդիր, որոնք դու չես կարող միայնակ լուծել, այս պարագայում փաստի առաջ ես կանգնում: Վաղ թե ուշ, ընտրողներն ամեն ինչ լավ հասկանում են՝ չնայած դատարկ խոսքերին, սուտ ընդդիմանալու կամ պոպուլիզմով զբաղվելուն»,- մեկնաբանեց Մարտուն Գրիգորյանը: Հարցին, թե արդյոք նա ցանկանում է մասնակցել 2017 թվականի ընտրություններին և ընդգրկվել որևէ քաղաքական ուժի ընտրացուցակում, պատգամավորը հիշեցրեց, որ դեռ երկու տարի ժամանակ կա:
«Մտածելու, որոշելու, վերլուծելու համար դեռ երկու տարի կա, մինչև այդ կշարունակեմ որպես պատգամավոր աշխատել և ծավալել իմ խորհրդարանական գործունեությունը: Դե, եթե դրանից հետո որոշեցի, որ կմտնեմ խորհրդարան, կնայեմ, թե որ ուժի հետ պետք է տեսնել իմ ճանապարհ անցնելը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ նախ՝ պետք է որոշում կայացնի, թե արդյոք ուզում է պատգամավոր դառնալ, ապա նոր հասկանա, թե որ քաղաքական ուժի ցուցակով:
«Ամեն դեպքում, պատգամավոր դառնալը չպետք է լինի ինքնանպատակ, որ մանդատը վերցնես ու քեզ գցես Ազգային ժողով: Ինձ համար կարևորն այն է, որ ԱԺ մտնելով՝ կարողնաս մի բան անել», - խոսքը եզրափակեց գյումրեցի պատգամավորը:
Լիլիթ Լալայան




















































