Իսրայելը նոր սկանդալի կենտրոնում
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելը դարձյալ միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ամենատարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ իսրայելական մամուլի հավաստմամբ, Թել Ավիվը, 2014–ից սկսած, մինչև ատամները զինել է այդ երկրին՝ ներկայումս մեղադրվելով Մյանմայի Ռախին նահանգում Ռոհինջա մահմեդական ցեղախմբի զանգվածային սպանություններին մաս կազմելու համար:
«Ամենավատն այն է, որ իսրայելական զենքը Մյանմա է հասել այն դեպքում, երբ Ռախին նահանգում, ելնելով նախադեպերից, միջազգային հանրությունը Մնյանմայի կառավարության համար սպառազինության ձեռքբերման սահմանափակումներ էր կիրառում»,– գրել է իսրայելական «Հաարեց» օրաթերթը՝ հետևանքների առումով առաջարկելով ուշադրություն դարձնել բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների, նրանց թվում՝ Amnesty International–ի և Կարմիր խաչի մահիկի զեկույցներում առկա ողբերգական փաստերի վրա:
Ուղիղն ասած՝ «Փաստն» արդեն գրել է այն մասին, որ նույնիսկ Մյանմայի մասին տարածվող ահռելի տեղեկատվության պայմաններում դժվար է ճշգրտորեն կողմնորոշվել բավական փակ այդ երկրում առկա իրերի ճշմարիտ դրության, զինված բախումների և բուդդիստներ–մահմեդականներ հակասությունների հարցում: Ավելին՝ փորձագետների շրջանում շատ հաճախ է շրջանառվում նաև դավադրությունների տեսությանը պատկանող մի տեսակետ, ըստ որի՝ Մյանմայում իրավիճակի սրումը և Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ ահաբեկչական կազմակերպության ակտիվացումը տեղի է ունենում Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ և մի նոր թեժ կետի ձևավորմամբ, որը հնարավորինս մոտ կլինի Հնդկաստանին և Չինաստանին: Այլ կերպ ասած՝ փորձագետների մի հատված համոզված է, որ նույնիսկ Իսրայելի՝ Մյանմային զենք վաճառելն է այս ծրագրի մաս կազմում, որի համար, իհարկե, որևէ մեկն այդ երկրին պատասխանատվության չի ենթարկի:
Իսրայելական մամուլը, սակայն, այդ խնդրին բացարձակապես չի անդրադառնում: Կոնկրետ «Հաարեցը» ստեղծված իրավիճակում Նեթանյահուի կառավարությանն է մեղադրում: Իսկ «նախադեպեր ու սահմանափակումներ» ասելով՝ այստեղ, հավանաբար, 2014–ի իրադարձությունները նկատի ունեն, երբ մեղադրվելով Մյանմայի մահմեդականների հանդեպ ուժգնացող ճնշումներին պասիվ հակազդելում՝ ՄԱԿ–ը որոշեց այդ հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել պրոֆեսոր Յանգ Լիին, վերջինիս գործուղել Մյանմայի Ռահին և Քաչին նահանգներ, որից հետո արդեն որոշվեց սահմանափակել Մյանմայի կառավարության հասանելիությունը համաշխարհային զենքի շուկային:
Խնդիրը, սակայն, այն է, որ դրանից հետո էլ, փաստորեն, առկա խնդիրը ոչ միայն չվերացավ, այլև այս տարվա օգոստոսից սկսած, վերածվեց հումանիտար ճգնաժամի: Ավելին՝ ողջ աշխարհը սկսեց խոսել Ռոհինջայի Ցեղասպանության, կամ գոնե՝ էթնիկ զտումների, Բանգլադեշ փախած շուրջ 630000 փախստականների ու Բանգլադեշ–Մյանմա սահմանին փռված ճամբարի վերաբերյալ, որտեղ անմարդկային պայմաններում են հազարավոր երեխաներ ապրում: Եվ ի լրումն այս ամենի՝ այժմ արդեն խոսվում է նաև Իսրայելի պատասխանատվության և, իհարկե, Մյանմայի կառավարությանը պատժելու մասին: «Մենք հետևում ենք ռոհինջա մահմեդականների դեմ ոճրագործության հեղինակներին քրեական պատասխանատվության կանչելու գործին... մենք չենք լռի»,– հայտարարել է Amnesty International կազմակերպության քննիչ Մեթյու Ուելզը:



