Մասնաշենքը չի օգտագործվում՝ աշակերտների անվտանգությունից ելնելով
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի միջնակարգ դպրոցի ոչ բոլոր մասնաշենքերն են այսօր օգտագործվում: Մասնաշենքերից մեկում դասապրոցեսներ չեն անցկացվում՝ աշակերտների անվտանգությունից ելնելով:
Սեյսմիկ ծառայությունն այն 2–րդ կարգի վթարային է ճանաչել: Դպրոցում մոտ 600 աշակերտ է սովորում: Ծնողներն անհանգստացած են երեխաների համար: Նրանք բարեկարգ դպրոց են պահանջում:
«Շենքային պայմանները լավը չեն: Ճիշտ է՝ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ ունի, բայց դասասենյակներում ջեռուցումը մինիմալի է հասնում, որովհետև ամբողջ պատերը ճաքած են, քամին ներս է մտնում: Պատերն արդեն առանձնանում են, մենք վախենում ենք մեր երեխաների համար»,– « Փաստ»օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին աստղաձորցիները:
Տեղական իշխանությունները տեղյակ են խնդրին, ժամանակներ առաջ հանձնաժողով է կազմվել, եկել նախահաշվարկ են կատարել ու անվերադարձ գնացել:
Դպրոցի տնօրեն Ջիվան Սիրեկանյանն ասաց, որ դպրոցի բյուջեով անհնար է ահռելի մեծ դպրոցը վերանորոգել:
«Ամեն ինչ նորմալ է, ունենք լոկալ ջեռուցման համակարգ և կարողանում ենք դասասենյակներում բարձր ջերմաստիճան ապահովել: Միայն մի մասնաշենքն է խնդիրը, դա էլ չենք օգտագործում: Վթարային մասնաշենքը մեզ չի խանգարում: Մեր դասապրոցեսները նորմալ հունով ընթանում են»,– նշեց տնօրենը:
Նա վստահեցրեց, որ իր ղեկավարած դպրոցում վերջին տարիներին անգամ աշակերտների թիվն է ավելացել: Դպրոցում նաև նախակրթարան է գործում, որտեղ վաթսունից ավելի երեխաներ են հաճախում:



