Մեղվաբուծությունն անկում է ապրում
ОБЩЕСТВОՄեղրն այս տարի հանրապետությունում ավելի քիչ կլինի, քան նախորդ տարիներին: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը: Մեղվաբույծների հույսերը չեն արդարացել՝ առատ բերք էին ակնկալում, սակայն անհամեմատ ավելի քիչ է ստացվել: Անցյալ տարի 3500 տոննա է եղել, հիմա կեսից էլ պակաս է՝ մոտ 1500 տոննա:
«Բերքը միջինից ցածր է: Ցուրտ եղավ, հետո անձրևներ, դա ազդեց բուսականության վրա: Ամռանը երաշտ էր, խոտ ու ծաղիկ չկար, որ մեղուն գնա նեկտար հավաքի»,– պարզաբանեց Նազարյանը:
Տարեցտարի մեղուների քանակն է կրճատվում, ինչը ևս ազդում է բերքատվության ցուցանիշի վրա: Մեղվաբուծությունն անկում է ապրում: Միայն վերջին 2 տարիներին 200000 մեղվի կուրստ է եղել:
«Ամեն տարի 100000–ը սատկում են: Մեղվափեթակները գնալով պակասում են: Շատերն անփորձ են այս ոլորտում ու գործից չեն հասկանում»,– մատնանշեց նա:
Հիշում է՝ խորհրդային տարիներին մեղվաբուծության ոլորտում 35% աճ է գրանցվել: Մեծ քանակությամբ մեղր է Ռուսաստան արտահանվել: Այսօր էլ Մեղվաբույծների եվրասիական միության նախագահության անդամ են, որի կազմում շուրջ 50 կազմակերպություն կա:
«Հզոր կազմակերպություն է, որ շատ արտահանեինք լավ կլիներ, բայց խնդիրներ կան: Պետության աջակցությունն է պետք»,– նկատեց Թելման Նազարյանը:
Նա մեկ այլ մտահոգության մասին է բարձրաձայնում: Հայկական մեղրը Եվրոպական շուկա տանել չեն կարող՝ չափանիշները չի համապատասխանում
«Լաբորատորիաներ պետք է լինեն, որ ստուգենք, դա էլ չկա: Իրանց վրա էլ հույս դնել պետք չէ, կարող է խաբեն»,– նշեց նա:
Մեղվաբույծների միության նախագահի խոսքով՝ անգամ քիչ քանակությամբ բերքն իրացնելու հետ կապված խնդրի առջև են կանգնել: Մեղվաբույծները նույնիսկ նախորդ տարվանից կուտակած ու չվաճառած մեղր ունեն:
«Խնդիրն իրացումն է, քանի որ դժվար ենք իրացնում, երևի այս հարցով պետք է պետությունն օգնի, սակայն ես նրանց օգնությունը դեռևս չեմ տեսել»,– շարունակեց Թելման Նազարյանը:
Սյունեցիները մեղրը քամել են, պինդ–պինդ պահել: Ամեն օր նկուղ են իջնում և տարաները հատ առ հատ հաշվում: Անընդհատ հաշվում են, բայց մեղրով լի տարաները չեն պակասում: 2016 թվականի ստացած ամենաքաղցր բերքը Սյունիքի մարզի մեղվաբույծներն իրացնել չեն կարողանում:
«Մարդիկ տոննայով մեղր ունեն, բայց մնացել է: 3 տոննայից մեկն է հազիվ ծախվում»,– փաստեց մեղվաբույծը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այստեղ ևս բերքի 50 տոկոսի չափով կորուստ են ունեցել:
Մեղրի իրացման շուկան իրենց մարզն է կամ էլ Երևանը. առայժմ առևտրի աշխարհագրությունը չեն կարողանում փոխել:
«Արտահանողներ կան, կիլոգրամը 1400 դրամով մեղր են ուզում, որ իրենք թանկ գնով դուրս հանեն, մենք էլ չենք տալիս»,– ասաց նա:
Թելման Նազարյանի կարծիքով՝ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ու արտերկրի հետ պայմանագրեր կնքի մեղրի արտահանման համար: Նա հայտնեց՝ թեև որոշակի բանակցություններ համապատասխան պատկան մարմինների կողմից իր հետ եղել են, սակայն, արդյունքը դեռ չի տեսել:



