Շուտով հացն ու միսը՝ մասնագիտացված մեքենաներով կտեղափոխվեն
ОБЩЕСТВОՆոյեմբերի 1–ից հաց և արտադրությունների համար միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:
Սեպտեմբերի 1–ից այն պարտադիր էր դարձել պետգնումով ձեռք բերված սնունդը տեղափոխելու, ինչպես նաև Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար:
Նոյեմբերից արդեն Երևանի իրացման ցանցերին՝ հացի և մսամթերքի արտադրություններին տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում նույնպես տեղափոխումը պետք է կազմակերպվի համապատասխան փոխադրամիջոցներով:
Հաց և հացամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ որոշման ընդունումը տեղին էր և իսկապես հասունացել էր պահը, որ հաց տեղափոխող մեքենաները հատուկ կահավորում ունենան և համապատասխանեն բոլոր չափանիշներին: Նրանք նույնիսկ այն լրացուցիչ ներդրումից չէին բողոքում, որը ծախսել են մեքենաները վերակահավորելու համար:
Ինչ վերաբերում է հացի փոքրիկ արտադրամասերին, ապա նրանց համար հացի առաքման համար մասնագիտացված մեքենաներ ունենալը պարզվում է բավականին մեծ ծախս է: Չի բացառվում, որ շատերը չկարողանալով նման ներդրում անել, ստիպված կլինեն փակել իրենց ձեռնարկությունը:
Այն, որ սա պահանջված քայլ էր միանշանակ է, սակայն հիգիենայից բացի լավ կլիներ, որ նույնքան ուշադրություն դարձվեր հացի քաշի, գնի և որակի վրա, քանի որ դա նույնպես անչափ կարևոր հարց է, որը մինչ օրս կարգավորել չի հաջողվել:
Ինչ խոսք նոյեմբերի 1–ը սարերի հետևում չէ և մի քանի օրից պարզ կդառնա, թե հաց մատակարարողներն ինչքանով են պատրաստվել նոր փոփոխություններին, բայց որ դեռևս շատ տնտեսվարողներ չգիտեն, որ եթե նոյեմբերի 1–ից հետո ժիգուլու բեռնախցիկում բանանի տուփի մեջ դրված հաց ընդունեն ու վաճառեն, ապա խնդիրներ կունենան, միանշանակ է: Մայրաքաղաքում մեր կողմից կատարված հարցախույզից պարզ դարձավ, որ շատերն անգամ անակնկալի եկան, քանի որ նախօրոք տեղեկացված չէին եղել ՍԱՊԾ–ի նախկին ու ներկա հորդորներին, բայց ինչպես ասում են, ով տեղեկացված չէ, նա էլ կտուժի:
Արմինե Գրիգորյան



