ԱԺ-ն քննարկեց քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունները կառավարությանը փոխանցելու նախագիծը
ОБЩЕСТВОՀայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ փոփոխությունները միտված են օրենքը սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված իրողություններին համապատասխանեցնելուն:«Մասնավորապես, սահմանում ենք, որ քաղաքական ապաստան տալու ինստիտուտը նախագահական լիազորություններից տեղափոխվում է կառավարության դաշտ: Տրված է լուծում, ըստ որի՝ քաղաքական ապաստան կտրամադրվի կառավարության ստեղծած լիազոր մարմնի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Տերտերյանը:
Փոխնախարարը հավելեց, որ քաղաքական ապաստան տալու քաղաքական կարևորությունը հաշվի առնելով, քաղաքական ապաստան տրամադրելու 3-ամսյա ժամկետը փոխարինում են 6-ամսյա ժամկետով, որովհետև ենթադրում են, որ կարող են լինել դեպքեր, որոնց քննարկումները պահանջեն մեծածավալ աշխատանք:
Տերտերյանը նաև շեշտեց, որ հաշվի են առել գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում պատգամավորների արած առաջարկները:
«Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցը քվեարկության կդրվի Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ին կայանալիք նիստում:



