Զվարճանքի վա՞յր, թե խենթանոց.Օրենքը կա, բայց օրենքի վրա նայող չկա
ОБЩЕСТВОԶվարճանքի վայրերում և փակ շինություններում տարբեր առիթներով կազմակերպվող միջոցառումների ժամանակ հաղորդավարի կամ երաժշտության ձայնը սովորաբար այնքան բարձր է լինում, որ միմյանց կողքի կանգնած մարդիկ չեն կարողանում իրար ձայնը լսել: Եվ սա կարծես դարձել է հայաստանյան ժամանցային միջոցառումների անբաժանելի մասը: Նման աղմկոտ և ուղեղը տանջող միջավայր են նաև մանկական ժամանցի վայրերն ու սրճարանները: Եվ հետաքրքիրն այն է, որ որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ բարձրախոսների նման բարձր ձայնի պատճառով երեխաները կարող են հոգեկան հիվանդություն ստանալ:
Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրը վաղուց կա, բայց դրանով զբաղվող այդպես էլ չկա: Ու թեև իրեն հասած բողոքները հիմնականում գիշերային ակումբների հարևանությամբ ապրողներից է եղել, սակայն մանկական սրճարաններից ու այլ զվարճանքի վայրերից նման բողոքներով իրեն չեն դիմել:
«Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ որոշակի փոփոխություններ տեղի կունենան օրենսդրության մեջ և համայնքներին լծակներ կտրվեն աղմուկն ու հրավառությունները սահմանափակելու և դրանց բացասական հետևանքները վերացնելու համար: Դա իհարկե չի վերաբերում ցերեկային ժամերին տեղի ունեցող խնդիրներին»,– ասաց Ա. Հարությունյանը:
Ավագանու անդամը նաև տեղեկացրեց, որ խնդիրը կարգավորելու և աղմուկի դեմ նաև ցերեկային ժամերին պայքարելու նպատակով ինքն առաջիկայում պատրաստվում է ԱԺ «Ելք» խմբագրության միջոցով օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարան:
Ի դեպ, նախկինում աղմուկը չափելու գործը «վստահված» է եղել Սանէպիդկայաններին, որոնք պարտավոր էին կանոնակարգել այդ խնդիրը: Ներկայում այդ գործառույթով պետք է զբաղվի Առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչական մարմինը, որն այս պահին դեռևս կազմավորման փուլում է:
Ու եթե գերատեսչության ենթակայության տակ գործող կառույցներն իրենց գործառույթներն այս կամ այն պատճառով պատշաճ չեն իրականացնում և տարեկան գոնե մեկ անգամ չեն իրազեկում տնտեսվարողներին, թե քանի դեցիբելից ավելի չպետք է լինի ձայնի բարձրությունը կամ ինչ կարող է լինել մարդու կամ առավել ևս երեխայի հետ, երբ տվյալ ժամանցի վայրում ձայնի բարձրությունը մի քանի անգամ գերազանցի թույլատրելիի սահմանը, ապա Ա. Հարությունյանի կարծիքով՝ այդ գործառույթը պետք է փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին, որի դեպքում հնարավոր կլինի առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել:
«Բողոքները սկզբում գալիս են վարչական տարածքային մարմին, հետո գնում են քաղաքապետարան, հետո գերատեսչական տվյալ մարմին և որպեսզի այդ պրոցեսն այդքան չերկարի, ես առաջարկում եմ աղմուկը սահմանափակելու չափանիշներ սահմանելն ու այն վերացնելու գործառույթների վերահսկողությունը փոխանցվի համայնքային իշխանություններին: Այդ ժամանակ կհստակեցվի, թե որ կառույցն ինչի համար է պատասխանատվություն կրում: Ավտոլվացման կայանի դեպքի օրինակով կարող եմ ասել, որ այդ հարցը հնարավոր չեղավ մինչև վերջ լուծել, քանի որ քաղաքապետարանն ասում է ես գործ չունեմ, տուգանելու գործառույթը ոստիկանության վրա է, սակայն այն անգործություն է ցուցաբերում: Այսինքն, եթե լինեն հստակ պատասխանատուներ, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի արդյունք ակնկալել: Իմ կարծիքով պետք է լինի մեկ մարմին, որը և՛ ստուգումներ կիրականացնի, և՛ իրազեկում կիրականացնի և պատասխանատվություն կկրի դրա համար»,– ասաց Ա. Հարությունյանը:



