Փորձագիտական գրասենյակն ու նախաձեռնությունների կենտրոնների ռեեստրը կնպաստեն թվային օրակարգի կայացմանը
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական միության տարածքում թվային օրակարգի իրականացման շրջանակներում ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ կստեղծվի փորձագիտական գրասենյակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Փորձագետները լիազորություն կունենան կատարելու վերլուծություններ մեր նախաձեռնությունների վերաբերյալ ու տալ խորհուրդներ որոշում կայացնելու համար: Գրասենյակի աշխատանքը թույլ կտա կուտակել համապատասխան գիտելիքներ և հետևել երկրներում թվային օրակարգի իրականացման գործընթացին»,-ասաց պաշտոնյան:
Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ` կձևավորվի նաև նախաձեռնությունների կենտրոնների միասնական ռեեստր: Դա ենթադրում է ուղղակի կապի հաստատում ԵԱՏՄ անդամ-երկրների բոլոր կենտրոնների հետ, որոնք զբաղվում են թվային նախաձեռնություններով: «Այս հարթակը նպաստի ինֆորմացիայի փոխանակմանը, մեր աշխատանքների կոորդինացմանն ու համաձայնեցված քաղաքականության իրականացմանը»,-հայտնեց Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ Սոչիում գերագույն խորհրդի նիստի ժամանակ նախագահներն արդեն հստակեցրել էին թվային օրակարգի հիմնական ուղղությունները, ինչի հիման վրա էլ իրականացվում է թվային վերափոխման ոլորտում համաձայնեցված քաղաքականությունը: Սահմանվել են չորս հիմնական ուղղություններ` տնտեսության ոլորտների, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի թվայնացում, կառավարման գործընթացների և ինտեգրացիոն գործընթացների վերափոխում, թվային ենթակառուցվածքների զարգացում և թվային գործընթացների պաշտպանություն:



