ՀՀ դեսպանը մասնակցել է Բրազիլիայի Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստին
ПОЛИТИКАԲրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 23-ին կայացած հերթական նիստին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված էր Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալոիզիո Նունես Ֆեռեիռան իր խոսքում կարևորել է 2015թ. հունիսի 2-ին Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` ընդգծելով Սենատի որոշման պատմական նշանակությունը ինչպես ապագա ցեղասպանությունները բացառելու, այնպես էլ մարդկության դեմ կատարած հանցագործություններն անպատիժ չթողնելու տեսանկյունից:
ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել դաշնային սենատորներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար` առանձնահատուկ ընդգծելով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալոիզիո Նունես Ֆեռեիռայի և սենատոր Ժոզե Սեռռայի մեծ դերակատարությունը: Նա նշել է, որ այս որոշումը պատմական հետևանքներ կունենա և կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` նոր հեռանկարներ ստեղծելով երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչման ընթացքում հայամետ դիրքորոշմամբ և առանձնակի սկզբունքայնությամբ ու հետևողականությամբ աչքի ընկած դաշնային սենատորները իրենց ներդրումը կունենան Բրազիլիա-Հայաստան բարեկամության խմբի ձևավորման, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ամրապնդման գործում:
Դեսպան Գալոյանը նաև առանձնազրույց է ունեցել Սենատի նախագահի աշխատակազմի ղեկավար, մինչ վերջին ժամանակներս զբոսաշրջության նախարար Վինիսիուս Լաժեսի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԲրազիլիայÕ « և Հայաստանի խորհրդարանների նախագահների փոխայցելությունների օրակարգը: Վինիսիուս Լաժեսը տեղեկացրել է, որ Բրազիլիայում առկա քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով հետաձգվել է Սենատի նախագահի այցի իրականացումը Հայաստան, սակայն վերահաստատել, որ այն գտնվում է նախագահի արտասահմանյան ուղևորությունների օրակարգում:
Հայաստանի դեսպանը առանձնազրույցներ է ունեցել նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության 32-րդ նախագահ, «Աշխատավորների կուսակցության» խմբակցության ղեկավար, «Ուժ և միություն» քաղաքական դաշինքի առաջնորդ, սենատոր Ֆերնանդո Կոլորի հետ:
Դեսպան Գալոյանը հանդիպումներ է ունեցել նաև Բրազիլիայի «Սոցիալ-Դեմոկրատական», «Ժողովրդավարական շարժում», «Առաջադիմական», «Հանրապետական», «Սոցիալիստական», «Ժողովրդավարներ» կուսակցությունների, ինչպես նաև «Մեծամասնություն» ու «Սոցիալիզմ և ժողովրդավարություն» խորհրդարանական դաշինքների ղեկավարների հետ:



