ԲՀԿ-ն միջազգային խորհրդարանական պատվիրակություններից հետ է կանչել իր անդամներին
ПОЛИТИКАԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միջազգային պատվիրակություններից արդեն հետ է կանչել իր անդամներին, սակայն խորհրդարանի մշտական հանձնաժողովների ԲՀԿ-ական նախագահներին հետ կանչելու հարց խմբակցությունում չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զ րույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:«Միջազգային պատվիրակություններում մեր խմբակցության անդամները , այդ թվում` նաև ես, հետ ենք կանչվել: Ես ինքս դուրս եմ եկել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց, որ միջազգային պատվիրակություններից հետ են կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ-ի խորհրդարաական վեհաժողովի անդամ էր, Միքայել Մելքումյանը, ով Սևծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր: «Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ ձեր դիմումի համաձայն վերոնշյալ անձինք, այդ թվում ես, հետ ենք կանչվել պատվիրակությունների կազմից»,-մանրամասնեց Զոհրաբյանը:
ԲՀԿ ղեկավÕ �րի խոսքով՝ այս պահին խմբակցությունը հինգ ազատ տեղ ունի միջազգային պատվիրակություններում, ուստի առաջիկա օրերին կքննարկեն հարցն ու կլինեն անհրաժեշտ փոխատեղումները։
Դիտարկմանը, թե Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը դեռ ղեկավարում են համապատասխանաբար տարածքային կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները, Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ որոշ լրագրող գործընկերներ միտումնավոր միջազգային պատվիրակություններից հետկանչը շփոթում են մշտական հանձնաժողովներից հետկանչի հետ: Մշտական հանձնաժողովներից հետկանչի խնդիր չենք քննարկել, խոսքը վերաբերել է բացառապես միջազգային պատվիրակություններին»:
Ավելի վաղ ԲՀԿ Կենտրոն տարածքային կառույցը Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել: Մամուլում խոսակցություններ էին շրջանառվում, որ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը հետ են կանչվելու նաև միջազգային խորհրդարանական պատվիրակություններից և ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններից:



