Նախկին ծննդատան ու հիվանդանոցի փոխարեն մանկապարտեզ ու զարգացման կենտրոն
ОБЩЕСТВОՏեղ համայնքի այլևս չգործող ծննդատան ու հիվանդանոցի շենքերը այլ նպատակների կծառայեն. շենքերը կհատկացվեն համայնքի մանկապարտեզին ու զարգացման կենտրոն ստեղծելուն: Այս մասին որոշման նախագիծը կառավարության դատին կներկայացվի այսօր կայանալիք հերթական նիստի ընթացքում:
Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված, ՀՀ սեփականություն հանդիսացող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Ս. Բարխուդարյան փողոց 11 հասցեում գտնվող 4 միլիոն 700 հազար դրամ գնահատված արժեքով 421.2 քառակուսի մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0405 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև Բարխուդարյան փողոց 11/1 հասցեում գտնվող 7 միլիոն 100 հազար դրամ գնահատված արժեքով 158.3 քառակուսի մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0127 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվեն համայնքին: Առաջինը՝ ամայնքային զարգացման կենտրոն ստեղծելու, երկրորդը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու պայմանով:
Միաժամանակ, համաձայն Սյունիքի մարզի 2017–2025 թթ. զարգացման պլանի՝ համայնքը պարտավորվում է մինչև 2025 թ. ավարտը առաջին շենքի և բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 միլիոն դրամի ներդրում: Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում՝ նվիրաբերությունը կհամարվի վերացված և կառավարության պահանջով Տեղ համայնքը պարտավոր կլինի պետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:
Ըստ նախագծի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Տեղ համայնքի ղեկավարի գրությունը՝ Ս. Բարխուդարյան 11 և 11/1 հասցեներում գտնվող հիվանդանոցի և ծննդատան շենքերը համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու խնդրանքով:
Համայնքի ղեկավարը գրությամբ դիմել էր նաև Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ կից ներկայացնելով Տեղ խոշորացված համայնքի զարգացման ներդրումային ծրագիրը՝ համաձայն որի Ս. Բարխուդարյան 11/1 հասցեում գտնվող շենքում 2009թ. տեղակայված է Տեղի թիվ 2 նախադպրոցական հաստատությունը: Շենքի պահպանումը և շահագործումը իրականացվում է համայնքի կողմից և շենքի վերանորոգման նպատակով արդեն իսկ համայնքի կողմից կատարվել է մոտ 900 հազար դրամի ներդրում:
Ներկայացված ծրագրի համաձայն նախկին հիվանդանոցի շենքը չի գործում և գտնվում է անմխիթար վիճակում: Համայնքի կողմից նախատեսվում է ստեղծել «Տեղ Համայնքի զարգացման հիմնադրամ», որի միջոցների հաշվին նշված շինությունում կհիմնադրվի համայնքային զարգացման կենտրոն, որում կներառվի՝ հիմնադրամի և զարգացման ծրագրի կենտրոն, լեզվի ուսուցման կենտրոն, ձեռքի աշխատանքների արհեստանոց: Կենտրոնում նախատեսվում է տեղակայել նաև համայնքի ատամնաբույժի սենյակը, ՏՏ ոլորտի նախաձեռնող խմբի սենյակը, ինչպես նաև այն կշահագործվի որպես հյուրանոց՝ կացարանային նպատակների համար և այլն:
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը պատասխանելով «Փաստի» հարցին, թե խոստացված 40 միլիոն դրամ ներդրումը համայնքային բյուջեով հնարավոր կլինի իրականություն դարձնել, պատասխանեց՝ այո, հավելելով, որ այդ գործում համայնքը միայնակ չէ և իրենց բարերար է աջակցելու:
«Ոչ միայն համայնքն է ներդրում անելու, այլև բարերար ունենք: Համայնքային զարգացման կենտրոն, հիմնադրամ ենք ստեղծելու, մեծ ծրագրեր ունենք դրա հետ կապված»,– նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է նրան, որ համայնքի նախկին ծննդատունն ու հիվանդանոցը լրիվ այլ նպատակների կծառայեն, Շադունցը հավելեց, որ դրանք 50–ական թվականներին կառուցված շենքեր են եղել, այն էլ՝ վթարային վիճակում և երկար տարիներ չեն օգտագործվել: Գյուղապետը նաև նշեց, որ նոր կառուցված առողջապահական կենտրոն ունեն:



