Ի տարբերություն ՄԻՊ–ի՝ բիզնես օմբուդսմենի ֆորմատն այլ է
ОБЩЕСТВОԱրդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է բիզնես օմբուդսմենի կառույց ստեղծել: Ի դեպ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեմ է բիզնես–օմբուդսմենի ինստիտուտին, և ըստ նրա՝ դա Սահմանադրության մոտեցումն է:
Փոքր և միջին ձեռներեցության համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն այլ կարծիք ունի: Նա ընդգծեց, որ իրենք այդ ինստիտուտի ստեղծման ջատագովն են եղել:
«Մոտ 4 տարուց ավելի է՝ մենք անընդհատ ասել ենք, որ նման կառույց է պետք: Մենք նախորդ կառավարության ժամանակ կարողացանք հասնել նրան, որ գաղափարն ընդունվեց: Եվ արդեն անցած տարի աշնանը այս նոր կառավարությունը իր ծրագրում նշեց գործարար շահերի հաշտարարի ինստիտուտի մասին: Կարծում եմ՝ սա կարծրատիպ էր, որը կոտրվեց»,–ասաց Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ այդ ինստիտուտի ներդրման փորձ կա Վրաստանում և Ուկրաինայում:
«Այն կարևոր ինստիտուտ է, որը ապահովում է երկխոսություն և դրա արդյունքում բարձրացված հարցերի արդյունավետությունը: Ապահովում է բարձացված հարցի լուծման շարունակականությունն ու հետևողականությունը: Բիզնես օմբուդսմենը, ի տարբերություն հասարակական կառույցների, որոշակի մանդատ ունի: Երբ կոնկրետ դեպքերով բիզնեսի շահերի պաշտպանության հարց է լինում, մենք, որպես հասարակական կառույց, այդքան ռեսուրս չունենք, օրինակ՝ Երևանից հասնել Չարենցավան ու տեսնել, թե ինչո՞ւ է ՊԵԿ–ը խանութ փակում կամ գնանք հասնենք Բագրատաշեն ու տեսնենք, թե այս կամ այն ապրանքն ինչո՞ւ է կանգնել մաքսակետում: Այսինքն՝ արագ արձագանքման խնդիրներ կան: Հստակ գործող կառույց պետք է լինի և իր թիմով գնա ու այդ հարցերն արագ լուծի: Բացի այդ, մենք գիտենք, որ ունենք շատ ծանրաբեռնված դատական համակարգ, որի նկատմամբ նաև վստահության պակաս կա:
Շատ դեպքերում բիզնեսը իր բողոքարկման խնդիրներից հրաժարվում է հենց ճանապարհի կեսին: Մենք այսօր միայն ՊԵԿ–ին կից բողոքարկման հանձնաժողով ունենք, որտեղ բացառապես հենց իրենց ներկայացուցիչներն են հանձնաժողովի անդամ»,–նկատեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, տեղական ինքնակառավարման մարմիններում ընդհանրապես նման ինստիտուտ չկա, որը թույլ կտա բողոքել քաղաքապետարանի, մարզպետարանի դեմ:
«Բիզնես օմբուդսմենի ինստիտուտն իմ թվարկած հարցերն է լուծում, և խնդիրները չեն կուտակվում ու մնում բիզնեսի մոտ: Մենք, որպես հասարակական կառույց, կարող ենք ինքներս էլ դիմել նրան մեր շահառուների հարցերով: Իսկ թե ինչքանով այն արդյունավետ կլինի՝ դա ամենալուրջ հարցն է: Կախված է նրանից, թե օրենքի ինչպիսի նախագիծ կլինի, ինչ լիազորություններ կունենա և ամենակարևոր հարցը՝ ինչպիսի անկախություն կունենա»,–ընդգծեց Հակոբ Ավագյանը:
Անդրադառնալով Արման Թաթոյանի դիրքորոշմանը, նա նշեց. «Մենք ոչ մի դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չենք ստորադասում: Մենք ասում ենք՝ կա մի օղակ, որը չի թողնում հասնել դատական և այլ մարմիններ: Կան խնդիրներ, որոնք ճիշտ հիմնավորումներ և մանդատ տալու արդյունքում կարող են շատ արագ լուծվել: Ես տեղյակ եմ նրա դիրքորոշման մասին, բայց մենք խոսում են բիզնեսի իրավունքից, որը խախտվել է վեճի կամ այլ պատճառով:
Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մենք՝ որպես ՀԿ, իրենց խնդրել ենք միջամտել: Բայց իրենք մանդատ չունեն: Երբ խանութը փակում են, ինքը մանդատ չունի ասելու՝ ինչ հանձնարարական եք կատարում: Պատճառն այն է, որ մարդուն չի առնչվում հարցը, այլ տնտեսվարողին: Բիզնես օմբուդսմենի ֆորմատը լրիվ ուրիշ է: Թե՛ ֆիզիկապես և թե՛ տեխնիկապես ՄԻՊ–ը նախատեսված չէ այդ գործառույթների համար: ՄԻՊ–ի հիմքում ավելի վերին գաղափար կա՝ մարդու իրավունքների պաշտպանությունը»:



