Պարտիզակում այլընտրանք չկա
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 27–ին Արագածոտնի մարզի Պարտիզակի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Արկի» ՍՊ ընկերության Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆի հանքավայրի Պարտիզակի տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումները:
Կաքավաձորի տուֆի հանքավայրի Պարտիզակի տեղամասի բացահանքի շահագործման նախագիծը կատարվել է մեկ տարի առաջ ստեղծված «Արկի» ՍՊԸ–ի տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տուֆ քարի արդյունահանման աշխատանքներ:
Նախագծի բացահանքի տարեկան արտադրողականությունն ընդունված է 15 հազար 500 մետր խորանարդ տուֆազանգված: Բացահանքային դաշտի օտարման տարածքը կազմում է 15,5 հա: Նրա վերջնական եզրագծի մեջ ներառված տուֆերի հաշվեկշռային պաշարները կազմում են 849 հազար 335 մետր խորանարդ, իսկ արդյունահանվող պաշարները՝ 771 հազար 995: Նախագծով բացահանքային դաշտի շահագործումը կտևի 50 տարի:
Նախատեսվող գործունեության նպատակն է տուֆ քարի օգտակար հանածոյի արդյունահանում և տեղի շինարարական կազմակերպություններին և անհատ շինարարներին շինանյութերով ապահովում: Արդյունահանված օգտակար հանածոն պիտանի է օգտագործելու շինարարության մեջ` որպես հումք երեսապատման և շինարարական քարերի արտադրության այլ տիպի շինարարական աշխատանքների համար:
Պարտիզակ համայնքի ղեկավար Հայկ Տերոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր իրենց համայնքի տարածքում գտնվող մի քանի նման հանքավայրերի առկայությունը, թերևս, գյուղացիների աշխատանք ունենալու միակ տարբերակն է: Ըստ գյուղապետի՝ նրանք, ովքեր հանքերում չեն աշխատում, կա՛մ գյուղից դուրս են աշխատում, կա՛մ էլ մեկնում են այլ երկիր՝ արտագնա աշխատանքի: Այլ երկիրն էլ, այս դեպքում, հասկանալի է, թե որն է:
Առհասարակ, Պարտիզակը տուֆի հարուստ պաշարներ ունի: Գյուղին մոտ գտնվող երկու հանքավայրում մեծամասամբ աշխատում են Պարտիզակի բնակիչները: Այս պահին համայնքի տարածքում չորս աշխատող հանքավայր կա, միաժամանակ կան սպառված ու դադարեցված տուֆի հանքավայրեր:
Հարցին, թե գյուղի համար այդ հանքավայրերի գոյությունը ինչ նշանակություն ունի, համայնքապետը պատասխանեց. «Այնքանով են կարևոր, որ մարդիկ աշխատում են, իրենց օրվա հացը վաստակում: Այսօրվա դրությամբ գյուղի 10–15 տնտեսության ներկայացուցիչ աշխատում է քարի հանքերում»:
Տերոյանի հավաստմամբ, հանքավայրերի շահագործման արդյունքում առաջացող փոշին իրենց չի խանգարում, քանի որ չի հասնում: Ըստ գյուղապետի՝ թեև հանքերը գյուղի տարածքում են, բայց բնակելի հատվածներից բավական հեռու:
«Բավական հեռու են, և ուժեղ քամիների ժամանակ փոշին գյուղ չի հասնում: Ավելի մոտ են արոտավայրերին ու հատուկ նշանակության հողերին՝ կրակադաշտերին»,– նկատեց նա:
Դիտարկմանը, թե հանքավայրերի առկայությունը արտագաղթին խանգարում է, պատասխանեց, թե ով գնում է՝ գնում է և դա պահող աշխատանք չէ, այլ միայն օրվա հացի խնդիր լուծող:
Պարտիզակում բացի հանքարդյունաբերությունից ուրիշ ոչ մի աշխատանք չկա: Գյուղացիները չեն կարողանում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել՝ վաճառելու տեղ ու հավաքող չունեն, մթերման կայաններ չկան: «Գյուղատնտեսությունը շատ վատ է մեզ մոտ, որովհետև ոռոգման ջրի խնդիր ունենք, որը բավարարում է մեր ունեցածի 20%–ի չափով: Ինչ հնարավոր է, գյուղացիներն անում են, բայց դա բավարար չէ: 760 հա ոռոգվող տարածքներից այսօր ոռոգվում է միայն 70–ը: Անասնապահությամբ էլ են քիչ զբաղվում, իրենք իրենց համար են պահում: Ձեռք չի տալիս: Չեն կարողանում խոտը հնձել, իսկ գնելու դեպքում էլ ձեռնտու չէ: Հիմնականում դրսում են աշխատում, խոպան գնում»,– պատմեց գյուղապետը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



