Անի Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել իրեն. պաշտպան
ПОЛИТИКАՊատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով մեղավոր ճանաչված և 1,5 տարի ազատազրկման դատապարտված «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան` չհամաձայնելով առաջին ատյանի դատարանի վճռի հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Դիմել ենք Վերաքննիչ դատարան, հոկտեմբերի 9-ի նիստում միայն իմ բողոքի հիմնավորումներն են ներկայացվել դատարանին: Պահանջում ենք, որպեսզի այն դրվագով, որով Անի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել, արդարացվի»,-ասաց Սիմոնյանը:
Նա նաև հայտնեց, որ «ՎՏԲ» բանկից շորթման համար Անի Հովհաննիսյանին անմեղ ճանաչելու դեմ էլ բողոք կներկայացնի դատախազությունը. «Հաջորդ նիստին դատախազը կներկայացնի բողոքը»:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով անմեղ էր ճանաչվել:
Անի Հովհաննիսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին:



