Գալուստ Սահակյանը խոստանում է տեղեկություններ հավաքել ցմահ դատապարտյալների խնդիրների վերաբերյալ
ПОЛИТИКАԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստանում է որքան հնարավոր է տեղեկություններ հավաքել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների վերաբերյալ: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,դիմելով ԱԺ նախագահին, հայտնեց, որ ինքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է հոկտեմբերի սկզբին հացադուլ հայ տարարած 50 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, ծանոթացել նրանց խնդիրներին, լսել նրանց հուզող հարցերը:
«Ես պետք է ասեմ, որ շատերի մոտ թյուր կարծիք կա, թե ցմահ դատապարտյաները պահանջում են իրենց ազատ արձակել, սակայն նման բան չկա: Նրանք այլ խնդիրներ ունեն, և հիմնական հարցադրումը, որ նրանք ինձ մոտ անում էին՝ արդյոք ցմահ դատապարտվելը նշանակո՞ւմ է դանդաղ մահ: Ես կարծում եմ, որ մենք ցմահ դատապարտյալների խնդիրները պետք է քննարկենք Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ձևաչափով: Ես գտնում եմ, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց մեր պետությունը պետք է վերջնական պատասխաններ տա: Դիմում եմ նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այս թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրվեն»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ խորհրդարանական լսումներ հրավիրելը մտնում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունների մեջ: «Ես կարծում եմ, որ հանձնաժողովի ներկայացուցիչները լսեցին Ձեր առաջարկը, քանի որ խորհրդարանական լսումներ հրավիրելը մտնում է նրանց լիազորությունների մեջ: Ես էլ իմ հերթին կփորձեմ որքան հնարավոր է տեղեկատվություն հավաքել առկա խնդիրնեիի մասին, որպեսզի պատասխանեմ նաև Ձեր հարցին»,- եզրափակեց Սահակյանը;



