ՏԿԱԻՆ-ն անցած մեկ շաբաթում արձագանքել է 250 դեպքի
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 26-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազ արյանը զեկուցել է ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 250 դեպք: Սերգեյ Ազարյանը տեղեկացրել է նաև Հայ-ռուսական միջազգային հումանիտար կենտրոնի բացման աշխատանքների մասին: Կենտրոնը հնարավորություն կտա օպերատիվ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում:
Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է, որ ավարտվել են Համաշխարհային բանկի փորձագետների հետ հանդիպումները՝ կապված ՀՀ տարածքում երկրաշարժերի սեյսմիկ վտանգի քարտեզի տեխնիկական առաջադրանքների պատրաստման հետ: Հ. Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ ՍՊԾ-ում քննարկվում է համակարգի ՊՈԱԿ-ների` այս թվականի երրորդ եռամսյակում կատարված աշխատանքների հաշվարկումը:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը հայտնել է, որ մոտակա օրերին ՀՀ մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ: Կնկատվի ջերմաստիճանի նվազում: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը զեկուցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի մասին՝ նվիրված Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին:
Քննարկելով միջազգային կազմակերպությունների և խոշոր պետությունների հետ համագործակցության արդյունքները՝ անդրադարձ է եղել Ճապոնիայի հետ պայմանավորվածությանը, որը զեկուցել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը:
Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է ՀՀ ՏԿԱԻ նախարարի խորհրդական Նոնա Վանեցյանին՝ հաջող աշխատանքային գործունեություն մաղթելով վերջինիս: Հաշվի առնելով նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների ձեռքբերումները սպորտային միջոցառումներում և, հատկապես, կարատե մարզաձևում՝ նախարարը հորդորել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանին հանդես գալ նաև այլ մարզաձևերում: Նախարարը հայտնել է, որ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը մշտապես իր աշխատակիցների կողքին է և ամեն կերպ կաջակցի ամենօրյա պարապմունքներ անցկացնելու և անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու համար:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Երևանի փրկարար վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Է. Սահակյանը զեկուցել է մայրաքաղաքի վարչական շրջաններում ուսումնավարժանքների կազմակերպման և ընթացքի մասին:



