Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մեզ չի խանգարում, որ դուք մահմեդական եք, մենք՝ քրիստոնյա. Լուկաշենկո
ПОЛИТИКАԲելառուսն ու Ադրբեջանը համագործակցում են տարբեր ուղղություններով, երկու երկրներն ունեն ամենաջերմ և մտերիմ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է belta.by-ն:
«Մենք բացարձակապես վստահում ենք իրար: Մենք համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծում և առևտուր ենք անում երրորդ երկրների հետ: Մեր առևտուրն աճում է, ռազմատեխնիկական համագործակցությունը՝ նույնպես: Մենք դա ոչ մեկից չենք թաքցնում»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը:
Լուկաշենկոն նշել է, թե Ադրբեջանը «խաղաղասեր ժողովուրդ է», և «չնայած Ղարաբաղում խնդիրներին՝ խաղաղ դիրքորոշում ունի այդ հարցում»:
«Այդ պատճառով մենք, ինչպես արդեն ասել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին, այս կամ այն պետության առաջ արդարանալու բան չունենք»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:
Նա նշել է, որ կողմերն իրենց հարաբերությունները կառուցում են Բելառուսի և Ադրբեջանի ժողովուրդների ցանկության համապատասխան, նրանց բարեկեցության աճի համար:
«Այդ հարցում դուք կարող եք մեզ վստահել: Դուք մեզ օտար չեք: Դուք մեր եղբայրներն եք, մենք ապրել ենք մի պետությունում: Եվ մեզ անգամ չի խանգարում, որ դուք մահմեդական եք, իսկ մենք՝ քրիստոնյա»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները «եղբայրական բնույթ են կրում», և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար:



