ԱՄՆ–ն Իրանին դարձյալ «չարիքի առանցք» կդիտարկի
МЕЖДУНАРОДНОЕԻնչպես տեղեկացնում է Past.am-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը Կոնգրեսում դեռ հինգշաբթի օրն էր սպասվում, սակայն, անհասկանալի պատճառներով այն ուրբաթ օրը տեղափոխվեց: Եվ չնայած բազմաթիվ փորձագետներ մինչ այդ տեսակետ էին հայտնել, թե խստաշունչ հայտարարություններին հակառակ՝ Թրամփն, այնուամենայնիվ, կխուսափի միջազգային անխուսափելի քննադատությունից և կհաստատի իր հավատարմությունն Իրանի հետ 5+1 ձևաչափով ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, արդեն ուրբաթ առավոտյան նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը Կոնգրեսում հայտարարեց, որ Սպիտակ տունը պատրաստվում է չվավերացնել ՀԳՀԾ–ն:
Ինչ է սպասվում դրանից հետո՝ պարզ է. Կոնգրեսին 6Օ օր ժամանակ կտրվի, որպեսզի վերջինս կողմնորոշվի Թեհրանի նկատմամբ կիրառելիք պատժամիջոցների հարցում, իսկ ահա միջազգային քաոսն անխուսափելի կլինի: Հետաքրքիր է, բայց այս առիթով նույնիսկ Թրամփի կուսակից կոնգրեսականները, նրանց թվում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն է շփոթված: Վերջինս Կոնգրեսում Մաքմասթերին զգուշացրել է այն մասին, որ անգամ հանրապետականները Թրամփից չոր ու ցամաք մերժում չեն հանդուրժի և պահանջել է, որպեսզի գործարքի մերժմանը զուգահեռ՝ Սպիտակ տունը պատրաստվի նաև ԱՄՆ հետագա քայլերը մատնանշել: «Նախագահը պիտի փաստեր ներկայացնի և անպայման բացատրի, թե ինչ նշանակություն կունենա իր որոշումը ԱՄՆ–ի համար: Ի վերջո, թող ինքն էլ ցույց տա դրանից սպառնացող վտանգներից խույս տալու ճանապարհը»,–հայտարարել է Ռոյսը։
Ինչ վերաբերում է դեմոկրատներին՝ այստեղ ընդհանրապես խուճապահար դրություն է: Դեմոկրատական կուսակցության ավագ կոնգրեսական Էլիոթ Էնգելի կարծիքով, օրինակ՝ «Եթե Նահանգները դուրս գան գործարքից՝ Իրանը ոչ միայն միջուկային իր ծրագիրը վերսկսելու լիակատար ազատություն կստանա, այլև ԱՄՆ միջազգային հեղինակությունը լուրջ հարվածի տակ կդրվի»: Նույն տեսակետն են պնդել նաև Սպիտակ տան դեմոկրատական նախկին վարչակազմի ներկայացուցիչները, մասնավորապես՝ էքսնախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որի համոզմամբ՝ «ԱՄՆ այս քայլը կարող է միջազգային այնպիսի ճգնաժամի առիթ դառնալ, որ դրանից հետո ծիծաղելի լինի մտածել անգամ հյուսիսկորեացիների հետ միջուկային ճգնաժամը լուծելու մասին»:
Նախագահ Թրամփին, սակայն, այս ամենը չի մտահոգում: «Եթե նույնիսկ խնդրի լուծումը միաժամանակ ցավոտ լինի միաժամանակ բոլորի համար, միևնույն է, ես այս խնդիրը լուծելու համար անելու եմ այն, ինչը ճիշտ է ԱՄՆ–ի և ամբողջ աշխարհի համար»,– հայտարարել է Թրամփը, որն, ի դեպ, Թվիթերում երեկ մեկ այլ սկանդալային հաղորդում է արել՝ Obamacare–ից, այնուամենայնիվ, հրաժարվելու մասին հրամանագիր արձակելու վերաբերյալ:
Բայց գալով դարձյալ Իրանի խնդրին՝ հարկ է նշել, որ տրամաբանական ողջ անհանգստությամբ հանդերձ՝ Թեհրանում փորձում են անվրդով երևալ: Համենայն դեպս, հինգշաբթի օրը Համաշխարհային միջխորհրդարանական միության 137–րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ ուղևորվող Ալի Լարիջանին, որ ԻԻՀ խորհրդարանի խոսնակն է, նշել է, որ «ՀԳՀԾ–ի կապակցությամբ ԱՄՆ–ի նախագահի սպասվող հայտարարության հետ կապված՝ Իրանի և ոչ մի պատասխանատու պաշտոնյա տագնապած չէ»: Ավելին՝ նա հավելել է, որ «ԱՄՆ–ի թշնամական կողմնորոշումը դիմագրավելու համար Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել»…



