Ղրղզստանում այսօր «լռության օր է»
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանում այսօր «լռության օր է». կիրակի՝ հոկտեմբերի 15-ին, այս երկրում սպասվում են նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նախագահության ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին, համաձայն Սահմանադրության՝ նա չի կարող կրկին առաջադրել իր թեկնածությունը։
Շաբաթ կեսգիշերից մինչ կիրակի հանրապետությունում արգելված է թեկնածուների օգտին որևէ տեսակի քարոզչություն։
Ինչպես նշում է ria.ru-ն, կիրակի երկրի ամբողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 8.00-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 6.00-ին)։ Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։
Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական գործընթացը մոնիթորինգի ենթարկելու համար հավատարմագրել է ավելի քան 600 միջազգային դիտորդ՝ 56 երկրից։
Ինչպես երեկ գրել էր Независимая Газета-ն, հանրապետության անկախության 26 տարվա ընթացքում առաջին անգամ այս երկրում կարող է կայանալ Սահմանադրությամբ իշխանության խաղաղ փոխանցում: Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը խոստացել է արդար ընտրություններ անցկացնել՝ մրցակցային պայքարով:
Ըստ թերթի՝ նախագահական աթոռի համար պայքարն ընթանում է հիմնականում երկու թեկնածուի՝ իշխանության աջակցությունն ունեցող նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի և ևս մի նախկին վարչապետի՝ Օմուրբեկ Բաբանովի միջև: Դիտորդների կարծիքով՝ մյուս թեկնածուները նախընտրական պայքարի ֆոն են ստեղծում: Նրանց աջակիցների ձայները կարևոր են լինելու ընտրությունների երկրորդ փուլում, եթե նախագահին ընտրել չհաջողվի առաջին փուլում:



