Բարեկարգվել է Գյումրու Բարեկամության այգու տարածքը
ОБЩЕСТВО«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար 2016-2018» ծրագրի «Դարձի՛ր բարեկամ» ենթածրագրի շրջանակներում բարեկարգվել է Գյումրու Բարեկամության այգու շուրջ 600 մետր քառակուսի տարածքը: Ծրագրի նպատակն էր բարձրացնել տնակներից ազատված Բարեկամության այգու բնապահպանական նշանակությունը՝ այգու մասնավոր բարեկարգման միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծրագրի պատասխանատուները, մի քանի ամիս տևած մաքրման և նորոգման աշխատանքներից հետո այգին պատրաստ է ընդունել քաղաքացիներին ու դառնալ քաղաքի հետաքրքիր վայրերից մեկը՝ վերագտնելով իր երբեմնի նշանակությունը: Երիտասարդները խոստացել են հետևողական լինել սկսածին:
Բարեկարգումից հետո հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարեկամության այգու» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը՝ նա ընդգծեց, որ գյումրեցի երիտասարդներն իրենց ակտիվությամբ այլևս ապացուցում են, որ Գյումրին իրենցն է և Գյումրու վեր հառնելու գործընթացն ամուր ձեռքերում է: Ռուբեն Սանոյանը նաև նշեց, որ «Բարեկամության այգու» մի փոքր հատվածի բարեկարգումը սկիզբ է հետագայում լայնածավալ աշխատանքների: Բարեկամության այգու բարեկարգման գործում ներդրած ջանքերի համար Գյումրու քաղաքապետի պատվոգրեր հանձնվեցին երիտասարդներին:
Ծրագիրը կյանքի է կոչվել Գյումրու քաղաքապետարանի ու «Գյումրին առանց տնակների« հիմնադրամի աջակցությամբ:
Արմենուհի Մխոյան



