Լևոն Շիրինյան. «Ադրբեջանը ցայտնոտային վիճակում է»
ПОЛИТИКАԹեև դեռ հստակ չէ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու Սարգսյան–Ալիև հանդիպումը, բայց հանդիպման բովանդակության, սպասելիքների և հնարավոր արդյունքների մասին քննարկումները դեռ շարունակում են օրակարգում մնալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե միջազգային միջնորդները հանդիպման գնալու համար ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, քանի որ ՀՀ–ն իբրև չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած ինչ–ինչ պարտավորություններ: Ալիևը նաև ասել էր, որ Բաքվի համար Արցախի հարցի կարգավորման գործընթացում նախապայմաններ չեն կարող լինել:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադարձել էր այդ հայտարարություններին: Նա ընդգծել էր, որ Սարգսյան–Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունն, ակնհայտորեն, Բաքվին ձեռք չի տալիս: Նա նշել է, որ այդ տեսակետից պատահական չէ Ալիևի վերոնշյալ սադրիչ հայտարարությունը, որով փորձել է խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ առաջիկա հանդիպման բովանդակությունն արդեն նշմարվում է: Ըստ նրա՝ օրակարգում շփման գծի կայունացման վերաբերյալ հարցեր են լինելու:
«Այն աղմուկը, որ ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների լրատվամիջոցներում է առկա, մի բան է հուշում. առաջիկա հանդիպման ժամանակ օրակարգում հավանաբար շփման գծում դիտորդ սարքերի տեղադրման հարցն է լինելու: Երկրորդ հարցը դիպուկահարների և նման վտանգավոր միջոցների հեռացումն է լինելու, ինչն էլ ձեռք չի տալիս Բաքվին: Եվ հենց այս պատճառով է, որ այս կոնֆլիկտի դրվածքն այդ իմաստով կաթվածահար վիճակում է: Ալիևը մտածում է, որ եթե դիպուկահարներին հեռացնի, ուրեմն մեր կողմը զոհեր չի ունենա: Իրենք էլ չեն ունենա, բայց ի տարբերություն մեզ, իրենք թքած ունեն իրենց զինվորի կյանքի վրա: Հպատակ ժողովրդին՝ թալիշներին ու լեզգիներին են բերում ու կոտորում, դրա համար ցավալի ոչինչ չկա: Իսկ եթե Ադրբեջանը գնա այդ քայլերին՝ հեռացնի դիպուկահարներին, մյուս պահանջները կատարի, պարապ կմնա, դրա համար էլ չի համաձայնվում »,–Past.am–ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ եթե դիպուկահարների հեռացման և դիտորդ սարքերի հարցը լուծվի՝ շփման գիծ կոչվածը կդառնա պետությունների սահման:
Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական գործընթացն ընդհանուր առմամբ ևս կաթվածահար վիճակում է:
«Չենք կարողանում ճանաչման հարց լուծել, հայտնի էլ չէ՝ ինչքանով ենք ձգտում, որ այդ հարցը լուծվի: Ադրբեջանական կողմն էլ ոչ մի հաջողություն չունի: Ունենալով ՌԴ–ի ցայտուն և Թուրքիայի բացահայտ աջակցությունը՝ 2016 թ. ապրիլին սանձազերծեցին, բայց ռազմավարական իմաստով հաջողություն չգրանցեցին: Հիմա Ադրբեջանը ցայտնոտային վիճակում է, դրա համար էլ Արցախն իբրև թե Ադրբեջանի մաս են ներկայացնում: Ադրբեջանի մաս Արցախը ոչ եղել է, ոչ կա, և ոչ էլ կլինի: Դա միանշանակ է, և այդ հարցը մեր կողմից լուծված է: Խնդիրը միջազգային «քամին» է, որը գալիս է աջից ու ձախից, տարբեր մայրաքաղաքներից: Բայց ժողովուրդը պետք է իմանա, որ հարցը լուծվել է: Այնպես չէ՝ ինչ–որ քննարկում պետք է անեն, որ Արցախի խնդիրը լուծվի: Խոսքը «բազարի», «խնամիների» ու «խնամախոսության» մասին է: Իրականում օրենքի ու իրավական իմաստով ինքնորոշման իրավունքը կիրառվել ու վերջացել է»,–ասաց քաղաքագետը:
Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, Լևոն Շիրինյանը մեկ նախադասությամբ մեկնաբանեց. «Իրենք Արցախի հարցը տանուլ են տվել: Իսկ ընդհանուր գործընթացն այսպիսին է ՝ շունը հաչում է, քարավանը՝ գնում»:
Աննա Բադալյան



