Խեղճ լրագրող. ո՞վ է քո տերը...
ОБЩЕСТВОԱրդեն բավականին առաջադիմում ենք. օրը օրին ենք հաջողությունները գրանցում: Եթե նախկինում լրագրողի տեսախցիկը խլվում էր կամ մասնագիտական պարտականությունները կատարելիս նրան խոչընդոտում էին պետական բարձր մակարդակով, կամ ոստիկաններն էին դա անում, եթե, հասկանալի է, կար ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգը, ապա հիմա արդեն արգելողների հարգը փոխվել է. լրագրողին աշխատել արգելում է գյուղապետը կամ ինչ–որ գյուղական կառույցի ղեկավարը:
Դե, բոլոր դեպքերում ղեկավարը մնում է ղեկավար. այս տրամաբանությամբ:
Մի խոսքով, լրագրությունը դարձել է շան ոտի գործ, եթե լրագրողին արդեն գյուղապետն է արգելում աշխատել:
Հե՜յ գիտի, սովետ. լրագրողի առաջ անգամ ամենաբարձր պետական պաշտոնյան էր ձիգ կանգնում: Էլ չենք խոսում տարատեսակ գյուղապետերի ու քաղաքապետերի մասին, որոնք անգամ լրագրողի ստվերից էին սարսափում:
Բնականաբար բանը ասելիքի մեջ չէ: Բանը նրա մեջ է, որ այդ ասելիքին այսօր շան տեղ դնող չկա: Իսկ եթե այսպես առաջ, առաջ գնանք երևույթի էության մեջ, ապա կհասնենք ամենախորքին: Դա այն է, որ պարզապես այս երկիրը թքած ունի հասարակական կարծիքի վրա: Թե չէ լրագրողն ո՞վ է. այդ հասարակական կարծիքը ներկայացնողն է ընդամենը:
Իսկ եթե մի քիչ էլ խորանանք, ապա դեմ կառնենք մարդու գաղափարին: Մեր երկրում մարդը ոչինչ է, դրա համար էլ նրա համահավաք կարծիքն էլ է ոչինչ:
Ոչ մի պաշտոնյա էլ նեղություն չի կրի ոչ առանձին մարդու խոսքից, ոչ էլ հասարակական կարծիքից: Որովհետև գերական փողն է այս երկրում ու դիրքն է: Այսինքն՝ ուժը: Եթե ուժեղ ես, էլ քեզ ո՞վ կարող է բան ասել: Ու վերջին հաշվով էլ ճիշտը դու ես:
Ու լրագրողների դեմ կատարվող ոտնձգությունների դեմ իբրև թե հարուցվող քրեական գործերը, որոնց արդյունքը համարյա այդպես էլ չի երևում, ոչ այլ բան են, քան խրախուսելու միջոց նրան, ով կհանդիպի լրագրողի, ու վերջինիս ասած խոսքը կամ դիրքորոշումը իր սրտով չի լինի կամ իր շահերից չեն բխի դրանք: Եվ նա լրագրողի նկատմամբ կարող է անել այն, ինչ այդ պահին հարմար կգտնի:
Ախր ո՞վ է այս երկրում լրագրողի տերը: Դե, օրենքն է նրա տերը, բայց օրենքը չի գործում: Պաշտոնյան նրան տեր չէ ու՝ չէ: Մնում է հասարակությունը: Խեղճ հասարակություն. մեկը, ուզում եմ, հասարակությանը տեր լինի:
Մի խոսքով՝ արձանագրենք եղածը: Այս անգամ էլ Վայոց Ձորի Քարագլուխ համայնքի գյուղապետ Արթուր Ստեփանյանը և նույն մարզի Շատին գյուղի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանն են փորձել խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել:
Կանեն, բա ինչո՞ւ չեն անի. թիկունքներին մի ամբողջ իշխանություն է կանգնած՝ իրենց ոստիկանական զենքերով ու զորքերով:
Գոհար Սարդարյան



