Ջրամբարի ոռոգման ջուրը ՓՀԷԿ–ին, հետո միայն՝ Ջրամբարին
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 3–ին Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում տեղի ունեցան հանրային քննարկումներ՝ «Նիգավա» ՍՊԸ–ի կողմից ներկայացված «Ապարան» ՓՀԷԿ–ի նախնական գնահատման հայտի վերաբերյալ: «Ապարան» ՓՀԷԿ–ը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզում, Քասախ գետի վրա գոյություն ունեցող Ապարանի ջրամբարի ներքին բյեֆում:
«Նիգավա» ՍՊԸ նախատեսում է ձեռնարկել էլեկտրական էներգիայի արտադրություն էկոլոգիապես առավել անվտանգ եղանակով՝ օգտագործելով Ապարանի ջրամբարի արտահոսքը, այսպիսով չվնասելով ջրային ռեսուրսի էկոհամակարգը: Ջրառը իրականացվելու է ջրամբարից արտահոսող ոռոգման ջրի խողովակից:
Ինչպես «Փաստին» հայտնեց համայնքապետ Գարիկ Գևորգյանը, ՓՀԷԿ–ի կառուցման որոշմանը բոլորը կողմ են եղել: Ավելի քան 20 տարի համայնքը ղեկավարած Գևորգյանը հավաստիացրեց, որ ՓՀԷԿ–ի կառուցմանը խանգարող որևէ հանգամանք չկար. «Մեզ մոտ ուրիշ տեղերի նման չի: Օրինակ՝ Արագածում կա ՓՀԷԿ, որի ջուրը չի զտվում, այսինքն ակունքներից դուրս է գալիս, հետը ծծումբ կա, լցվում է միանգամից խողովակներ, քարերի հետ շփվելով չի մաքրվում, չի զտվում: Մեզ մոտ էդ խնդիրը չկա: Ոռոգման ջուրը դուրս է գալիս մաքուր»:
Հարցին, թե ՓՀԷԿ–ի կողմից օգտագործվելու ընթացքում ոռոգման ջուրը չի՞ նվազի, նշեց, որ կառուցող ընկերության աշխատակիցների խոսքով՝ աշխատելու է միայն ոռոգման սեզոնին: Երբ ոռոգման նպատակով ջուր բաց թողնեն, այն անցնելու է ՓՀԷԿ–ի միջով ու այնտեղից դուրս գալով ոռոգումն ապահովի: Երբ ոռոգման սեզոնն ավարտվի, ջուրն էլ չի գա և չեն կարող ՓՀԷԿ–ը աշխատեցնել: Գյուղապետի խոսքով՝ ՓՀԷԿ–ը տարեկան ընդամենը չորս ամիս կաշխատի:
Ըստ գյուղապետի՝ ՓՀԷԿ–ի կառուցմանը բոլոր ջրամբարցիներն էլ կողմ են եղել: Եվ այստեղ պատճառը, ինչպես և բոլոր նման դեպքերում է լինում, խոստացված աշխատատեղերն են:
«Բոլորն էլ կողմ են, գիտեք ինչի՞ համար, աշխատատեղ է բացվում: Մեր գյուղը ճամփից դուրս ընկած գյուղ է, մարդիկ իրենց էլեկտրաէներգիայի գումարը դժվարանում են վճարել: Ուրախանում ենք, որ գոնե աշխատատեղ է լինում: Իրենց ասելով՝ 15–20 հոգի մինիմում կաշխատի»,– պատմեց գյուղապետը:
Հարցին, թե իրեն ծանոթ է նման փորձ, երբ ոռոգման խողովակի վրա գտնվող ՓՀԷԿ–ի աշխատանքը չի նվազեցրել ջրի քանակը, Գևորգյանն այսպիսի պատասխան տվեց. «Ես 21 տարի է շփվում եմ ոռոգման ցանցի հետ, կոպիտ ասած, իմ քթի տակ է: Ես չեմ կարծում, որ ՀԷԿ–ը վնաս է տալու: Ջուրը ջրամբարից դուրս էր գալիս, լցվում կանալը ու գնում ոռոգման նպատակով օգտագործվելու: Էս դեպքում էլ դուրս է գալու, լցվի ՓՀԷԿ, հետո՝ կանալ ու ոռոգման գնա նույն քանակով: Ո՛չ գոլորշիանալ կա, ո՛չ ուրիշ տեղ լցվել, որ ուզենան էլ ուրիշ տեղ տանել, չեն կարող՝ ձորի մեջ է»: Դիտարկմանը՝ գիտե՞ք ուրիշ ՓՀԷԿ, որ կառուցվել է այդպիսի համակարգի վրա և ոռոգման ժամանակ խնդիր չի եղել, պատասխանեց՝ չգիտեմ, հավելելով, թե ընկերության աշխատակիցների՝ ՓՀԷԿ–ն ավելի շուտ օգտագործելու ցանկություն ունենալու դեպքում էլ, միայն մեկ ամիս շուտ կկարողանան: Բայց ամեն դեպքում, գյուղապետին ու գյուղացիներին վստահեցրել են, որ այն կաշխատի միայն ոռոգման սեզոնին:
Ըստ ընկերության կողմից Բնապահպանության նախարարություն ներկայացված նախնական գնահատման հայտի՝ «Նիգավա» ՍՊԸ–ն իր հնարավորությունների սահմաններում կմասնակցի Ջրամբար գյուղական համայնքի առավել անհետաձգելի սոցիալական խնդիրների լուծմանը՝ նպատակաուղղված տարեկան միջոցառումների պլանավորմանը և իրագործմանը: Սակայն հիմնական սոցիալ–տնտեսական ուղղվածության միջոցառումը կապված է ջրամբարի զարգացման ծրագրերի հետ:
Ընկերությունը նախատեսում է բարեկարգել տարածքը, կազմակերպել հանգստի գոտի, աջակցել սպասարկման ոլորտի ծառայությունների զարգացմանը: «Ընկերությունն իր կադրային քաղաքականությունը նախատեսում է վարել այնպես, որ առաջնահերթ իրավունքը տրվի տեղի բնակչությանը՝ ինչպես ՀԷԿ–ի շինարարության ժամանակ, այնպես էլ՝ ընկերության հիմնական գործունեության՝ ՀԷԿ–ի շահագործման համար»,– կարդում ենք նախագծում:



