Լևոն Շիրինյան. «Հայ–ռուսական միացյալ զորախմբի հարցում հայկական կողմը պետք է օրենքի վերապահումներ կատարի»
ПОЛИТИКАԱյսօր Ազգային ժողովը ի վերջո վավերացրեց հայ–ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը, որին կողմ արտահայտվեց 87, իսկ դեմ ընդամենը 7 պատգամավոր:
Համաձայնագրի՝ ի շահ հայերի գործելու նկատմամբ կասկածներ ունի քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այստեղ մի հարց կա՝ ճգնաժամային իրավիճակներում այդ միացյալ զորախումբը Հայաստանի շահերին համապատասխան պետք է գործի՞, թե ոչ:
«Սա շատ նուրբ հարց է. միացյալ ասում են, բայց հրամանատարը հայ է, տեղակալը՝ ռուս: Եթե ռուսը հրամանները չկատարի՞, հայ հրամանատարն ի՞նչ է անելու: Քանի որ մենք մեր դաշնակցի վարքագիծը տեսնում ենք և՛ Արցախում, և ՛ամեն տեղ ու ամեն ինչի մեջ, ես իրավունք ունեմ այս սկեպտիզմը արտահայտելու: Դրա համար պետք է ոչ թե միացյալ լիներ, այլ՝ համատեղ, ինչպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղավ. անգլիական ու ֆրանսիական զորքերն ունեին մեկ հրամանատար, բայց ամեն մեկն առանձին զորամաս էր»,– նկատեց քաղաքագետը:
Շիրինյանը հնարավոր համարելով նման վտանգը՝ նշում է, որ այդ հարցի պատասխանը որևէ մեկը պիտի տա: Հարցնում է՝ ռուսներն ինչո՞ւ են ուզում, որ միացյալ լինի և ոչ համատեղ՝ ավելացնելով, թե պարզ է, որ իրենք են թելադրել:
«Հայաստանը կարող է իր ազգային շահերին հակառակ ներքաշվել կոնֆլիկտների մեջ: Օրինակ, երբ ռուսները խնդիր ունենան Իրանի հետ, որը մեզ համար չափազանց կարևոր ու բարեկամ երկիր է, ի՞նչ են անելու»,– նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե խնդիրը հայ–ադրբեջանական սահմանին լինելու դեպքում ռուսներն ինչպես կվարվեն, պատասխանեց. «Ակնհայտ է, որ չեն անի: Արցախի հարցով, որ չեն անում, հասկանալի է: Բայց մի անգամ շնչե՞լ են Տավուշի մարզի հատվածում եղած կոնֆլիկտի ժամանակ: Մեկ հատ բանաձև են գտել. կոնֆլիկտը սրվի: Այսինքն՝ այդ կոնֆլիկտը որքա՞ն սրվի: Եթե մեծ պատերազմ լինի, այդ մեծ պատերազմի չափը Հայաստանում մեկը կարո՞ղ է ասել որն է, կարո՞ղ են բացատրել: Իհարկե չեն կարող»:
Շիրինյանն այս պարագայում առաջարկում է գոնե օրենքի վերապահումներ կատարել, թե չէ բացառապես կծառայեցնեն Ռուսաստանի շահերին և մեր դեմ, ինչպես եղել է 1920–ական թթ.: Ասում է՝ եթե չեն կարող մերժել, օրենքի մեջ վերապահումներ պիտի անեն: Եթե կա Ռուսաստանի հետ ցանկացած դաշնակցային հարաբերություն, ուրեմն Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ պիտի լինի բացարձակապես անկախ:
Հարցին, թե արդյոք կարո՞ղ է անկախ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, Շիրինյանը նշեց, որ այդ մասին շատ է խոսվել և ընդամենը օրինակ բերեց Վլադիմիր Պուտինի՝ դրա վերաբերյալ մեկնաբանությունը: «Ասում է՝ զենքի մատակարարումը Կովկաս միայն խաղաղությանն է ծառայում: Իր վերջին հարցազրույցներից մեկում էլ ասել է, թե ինքնորոշման իրավունքը Ղրիմի պարագայում բացարձակ գործել է և ինչպես կարելի է ժողովրդի հանրաքվեի արդյունքը չընդունել: Ես հարց եմ տալիս՝ իսկ Արցախի պարագայում 20 անգամվա հանրաքվեն Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, ինչպե՞ս չի ընդունում»,– նշեց նա:



