Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության հարցեր
ОБЩЕСТВОPast.am վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 4–ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետին զեկուցվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 4–րդ փուլի հանձնարարականների կատարման արդյունքների մասին: Ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 3–րդ փուլի հանձնարարականների և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող միջոցառումների կատարման ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ–ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2–րդ փուլի գնահատմանն ընդառաջ ՀՀ պարտավորություններին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված միջգերատեսչական աշխատանքները՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:



