Բերդի վերանորոգված մանկապարտեզը դռները բացել է 120 մանուկների համար
ОБЩЕСТВОՏավուշի մարզի Բերդ քաղաքի հիմնանորոգված թիվ 3 մանկապարտեզի հոկտենբերի 4-ին կայացած պաշտոնական բացմանը ներկա էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը և այլք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության ծառայությունից՝ հավելելով. «Երեխաները գեղեցիկ բեմադրությամբ, երգ ու պարով ողջունեցին հյուրերին՝ հաճելի տրամադրություն փոխանցելով ներկաներին։ «Սա գեղեցիկ նվեր է մեր մանուկների ու նախակրթարանի ողջ անձնակազմի համար, քանի որ մենք բոլորս մեծ անհամբերությամբ էինք սպասում այս օրվան», - նշեց մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ավալյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով բարերարներ տեր և տիկին Մարդիգյաններին և ՀՕՖ-ի ղեկավարներին։
Բերդի 3-րդ մանկապարտեզի ավելի քան 35 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունը հիմնովին վերանորոգվել ու մասնակի կահավորվել է ՀՕՖ-ի միջոցով՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում։
Մոտ չորս ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում վերանորոգվել է և բարեկարգվել են երեխաների սենյակները, ճաշարանը, խոհանոցը, ամբողջությամբ փոխվել է հատակը, ինչպես նաև դռներն ու պատուհանները, վարչական հատվածը և այլն։ Մանկապարտեզը համալրվել է նաև նոր սարքավորումներով և մասնակի կահավորմամբ։
ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013թ։ Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է։



