Բնապահպանը կոչ է անում անտառի մասնավորեցումից ձեռնպահ մնալ
ОБЩЕСТВОPast.am Ինչպես հայտնի է, խոսակցություններ կան, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ը կանցնի Բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ դուրս գալով Գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից: Այդպիսով, բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հետ համատեղ անտառների միասնական կառավարման համակարգ կստեղծվի: Որքանով է այս որոշումը խնդիրների լուծման լավագույն տարբերակ հարցի շուրջ «Փաստը» զրուցել է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ:
Հարցին՝ այս գործողությունները դրակա՞ն, թե բացասական հետևանքներ կարող են ունենալ և ո՞րը կարող է լավագույն տարբերակ լինել, Սանասարյանը պատասխանեց, թե այդ խոսակցություններն ընդհանրապես շատ հին պատմություն ունեն:
«Կառավարման հարցով զբաղվող մասնագետները վերջապես եկել են այն եզրակացության, որ անտառը կտոր–կտոր անելը, հատուկ պահպանվող տարածքների ու սովորական անտառների բաժանելը, հարմար չէ: Պետք է անտառը լինի միասնական, իսկ յուրաքանչյուր վայրում թող գործի իր կարգը: Այսինքն՝ հատուկ պահպանվող տարածքը գործի հատուկ պահպանվող տարածքի օրենքներով, իսկ սովորական անտառը՝ սովորական»,– նշեց մեր զրուցակիցը:
Ըստ Սանասարյանի, դա պետք է լինի մեկ միասնական օրգանիզմ, կառույց: Ինչ վերաբերում է նրան, որ «Հայանտառ»–ը հանվում է գյուղնախարարությունից, բնապահպանի համոզմամբ՝ աշխարհում ընդհանրապես անտառը և գյուղատնտեսությունը հակասական երևույթներ են:
«Հայաստանի օրինակը չեմ ասում: Առհասարակ աշխարհում այդպես է: Գյուղատնտեսությունը աշխատում է ծավալվել նաև անտառների տարածքների հաշվին: Հայաստանում որքան անտառային պահուստային հող ունեինք, համարյա բոլորին տրվեցին գյուղատնտեսական ու այլ նշանակություններ հետագա օգտագործման համար: Եվ այսօր մենք շատ քիչ տարածքներ ունենք»,– նկատեց նա:
Սանասարյանը գտնում է, որ անտառը միասնական պիտի լինի ու մեկ համակարգում պիտի գործի: Ընդգծում է՝ անտառը պետք է լինի առանձին, ու բնապահպանության նախարարությունը պիտի վերահսկողություն իրականացնի այնտեղ այնքան, որքան օրենքով սահմանված է: «Անտառը տալ Բնապահպանության նախարարությանը, որ նա միաժամանակ և՛ տնտեսական գործունեություն իրականացնի, և՛ վերահսկի, կարծում եմ, անթույլատրելի է»,– նշում է նա:
Բնապահպանը նաև սխալ է համարում Դիլիջանի արգելավայրի մի հատվածը` վերահսկողություն իրականացնելու նպատակով մասնավոր ընկերությանը փոխանցելու փաստը: Ինչի համար նաև պետական բյուջեից գումար է հատկացվելու ընկերությանը՝ իր կատարած աշխատանքի դիմաց:
«Սա, կարծում եմ, շատ վտանգավոր գործի սկիզբն է: Ուրեմն կա ակնհայտ միտում անտառի աստիճանաբար մասնավորեցում իրականացնելու համար: Մի կողմից այդ հսկողությունը կտան պարզ չէ, թե ինչ ընկերության: Մյուս կողմից էլ պետական բյուջեից լրացուցիչ գումար կտան այդ ընկերությանը և հետո կասեն՝ տեսեք էս հատվածը տվեցինք նրան ու շատ արդյունավետ եղավ:
Այդ ժամանակ հարգելի վարչապետ ու հարգելի պաշտոնյաներ, վերցրե՛ք այդ գումարը, որ հատկացնում ենք ընկերությանը, ավելացրե՛ք հսկողական համակարգի ֆոնդին, որպեսզի այնտեղ ընդհանրապես միջոցներ լինեն անտառապահներին բարձր աշխատավարձ վճարելու համար: Պետք է ձեռնպահ մնալ այդ սխալ որոշումից ու հրաժարվել դրանից»,– եզրափակեց բնապահպանը:



