Հայկական սփյուռքի ալգորիթմը. Ներկայացվեց Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը
ОБЩЕСТВО«Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքում ներկայացված է ոչ միայն սփյուռքի պատմությունը, այլ նաև կանխատեսումներ՝ սփյուռքի ապագայի վերաբերյալ: Հրանուշ Հակոբյանի այս գիրքն ունի նաև գիտագործնական նշանակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 2-ին մենագրության շնորհանդեսին նման կարծիք հայտնեցին ոլորտի ներկայացուցիչները:
«Հրանուշ Հակոբյանը կարողացավ ամբողջացնել և հանրությանը ներկայացնել սփյուռքը՝ անցած ուղիով, խնդիրներով: Գիրքը լրջագույն աշխատություն է սփյուռքի պատմության վերաբերյալ: Ներկայացված է ոչ միայն սփյուռքի պատմությանը, այլ նաև ներկան, արված են կանխատեսումներ սփյուռքի ապագայի, սփյուռք-հայրենիք հարաբերությունների վերաբերյալ: Եվ կանխատեսումները հանգում են նրան, որ հայրենադարձությունը սփյուռքի փրկության առաջին խնդիրն է»,-ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու հավելեց՝ գրքում ի մի է բերվում մեր ահռելի ժառանգությունը սփյուռքում:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի կարծիքով՝ աշխատությունն արժեքավոր է ոչ միայն հայագիտության, այլ նաև ժամանակակից աշխարհի միտումները գնահատելու առումով: «Մենք ապրում ենք անորոշությունների մի ժամանակաշրջանում, որոնց գումարվում են հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով գիրքը տալիս է շատ հարցերի պատասխաններ, նախորոշումների ճանապարհային քարտեզ: Եվ այդ քարտեզը նման է ոչ միայն գիտական աշխատության, այլ նաև քաղաքական մանիֆեստի, թե ինչպես պետք է զարգանան հայրենիք-սփյուռք հարաբերությունները»,-ասաց Արամ Անանյանն ու հավելեց, որ հեղինակին հաջողվել է գտնել հայկական սփյուռքի յուրատեսակ ալգորիթմը:
Անանյանն առանձնացրեց նաև անդրադարձը համահայկական լրատվական դաշտի խնդիրներին: «Ներկայացված է, թե ինչպիսին պետք է լինենք որպես միասնական ճակատ, որոնք են մեր առջև ծառացած մարտահրավերները»,-նշեց նա:
[gallery id= 59646]
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի կարծիքով՝ գիրքը պատմագիտության, հասարակագիտության, սփյուռքագիտության ասպարեզներում լուրջ ներդրում է կատարել: «Սփյուռքահայության հարցերը ներկայացված են գիտական շարադրանքով և գործնական առաջադրանքներով: Գրքում հանդիպում ենք խոր վերլուծությունների: Այն հարուստ է սփյուռքի մասին հանրագիտական տեղեկություններով և վիճակագրական տվյալներով»,-ասաց նա ու հավելեց, որ Հայակական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ է հովանավորել գրքի անգլերեն հրատարակության համար:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով՝ գիրքը նաև դասագիրք է հանդիսանալու ֆակուլտետում Սփյուռքի պատմություն առարկայի դասավանդման համար: Նրա կարծիքով՝ գրքի կարևոր արժանիքներից առաջինն այն է, որ տրված է սփյուռք հասկացության նոր մեկնաբանություն: «Կարևոր է գործնական առաջարկների առկայությունը: Ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մատնանշված են ցեղասպանության հետևանքները հաղթահարելու կոնկրետ միջոցառումներ»,-եզրափակեց Մինասյանը:



