Մայրաքաղաքի հրապարակում, կառավարության հարևանությամբ, լուսաֆորը չի աշխատում
ОБЩЕСТВОPast.am-ը տեղեկացնում է. Մեր ֆոտոխցիկը երեկ ֆիքսել է, թե ինչպես են մարդիկ Տիգրան Մեծի փողոցում, իրենց կյանքը վտանգելով, մի մայթից մյուսն անցնում: Այդ հատվածում տեղադրված՝ հետիոտնի տեղաշարժը կարգավորող լուսաֆորը չի աշխատում: Նման իրավիճակ տիրում է, ոչ ավել, ոչ պակաս, Կառավարության շենքի հարևանությամբ գտնվող հատվածում: Այստեղով անցնող մարդկանց և վարորդների լարվածությունը միանգամից մի քանի անգամ բազմապատկվում է ու հետո երկար ժամանակ պահպանվում:
Ու թե քանի օր է, որ այս խաչմերուկում նման իրավիճակ է տիրում, դժվար է ասել, բայց որ այդ հատվածով օրական բավականին մարդ ու մեքենա է անցնում, կարող են հաստատել նաև այստեղ տեղադրված տեսահսկող սարքերը, բայց որ նրանցից որևէ մեկի մտքով չի անցել ահազանգել պատկան մարմիններին ու օգնել հարցի լուծմանը՝ անզեն աչքով է երևում:
Պատկերն ավելի է «խտանում», երբ այն արձանագրվում է ոչ թե մայրաքաղաքի հեռավոր համայնքի երկրորդային կամ երրորդային նշանակության բազում փոսեր ունեցող փողոցի ինչ–որ մի կորած հատվածում, այլ մայրաքաղաքի սրտում՝ կառավարության շենքի հարևանությամբ, որտեղով օրական բազմաթիվ մարդկանցից բացի անցնում են նաև շատ պետական պաշտոնյաներ:
Ու եթե սովորական մարդկանց դեպքում նման անտարբեր վերաբերմունքը ինչ–որ տեղ կարելի է հասկանալ, ապա չինովնիկների դեպքում այն որևէ կերպ հասկանալ հնարավոր չէ: Այս ամենից պարզ է դառնում մեկ բան, որ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն են անտարբեր սեփական երկրի, քաղաքի ու քաղաքացիների հանդեպ: Հակառակ դեպքում, փչացած լուսաֆորն այնքան արագ կսարքվեր, որ դա որևէ մեկն էլ չէր նկատի:
Այստեղից հետևություն՝ բարձրաստիճան չինովնիկներն իրենց գործին ճիշտ այն տրամաբանությամբ են վերաբերվում, ինչ տրամաբանությամբ որ շրջապատին, և դրա հետևանքով է, որ մեր երկրում սայլը տեղից չի շարժվում:



