Լոռու մարզի բնակիչները փոխհատուցում են պահանջում
ОБЩЕСТВО«Փաստ» Սեպտեմբերի 25–ի երեկոյան տեղացած կարկտահարության հետևանքով Լոռու մարզը տուժել է:
Կարկտահարության հետևանքով մարզի մի շարք համայնքների բնակիչներ վնասներ են կրել: Ղուրսալի համայնքում մոտ 20 տնտեսության բերքը կարկուտն ավերել է:
«Հիմնականում տանձ ու խնձորը, բանջարեղենը՝ պոմիդորը, վարունգն է վնասվել: Կարտոֆիլին բան չի եղել, որովհետև բոլորը կարտոլը քանդել հանել են արդեն»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին գյուղացիները:
Մարզում կարկտահարությունից ամենաշատը Սպիտակ քաղաքն է տուժել: Այստեղ մոտ 17 րոպե տևողությամբ խոշոր կարկուտ է եկել: Դարպաս գյուղը ևս տուժած համայնքների ցանկից է: Կարկուտն այստեղ ոչնչացրել է բանջարեղենն ու ծառապտուղները: Առայժմ տուժած համայնքներում վնասի չափը ճշտվում է, որից հետո այն մարզպետարան կներկայացնեն: Նրանք էլ իրենց հերթին կառավարությանը կդիմեն:
Մարզի տարբեր համայնքների տուժած բնակիչները փոխհատուցում են պահանջում:
«Մեր ապրուստը գյուղատնտեսությունն է, եթե բերքը կորցնում ենք, զրկվում ենք ձմեռվա ապրուստից: Կաղամբ ենք վաճառում, որ կարողանանք մի երկու կոպեկ փող աշխատել, էդ կաղամբն էլ վնասեց կարկուտը»,– բողոքեցին հողագործները:
Տեղի բնակիչները, սակայն, հույս չունեն, որ պետությունը կաջակցի իրենց:
Բնական աղետից տուժած համայնքների մեծ մասում հակակարկտային կայանքներ չկան տեղադրված:
Սա մարզում տեղի ունեցած կարկտահարության միակ դեպքը չէ: Գարնանը Լոռու մարզը կրկին կարկուտից տուժել էր: Կարկտահարությունից հսկայական վնասներ էին կրել կարտոֆիլագործությամբ ու կաղամբի մշակությամբ զբաղվող Ծաթեր և Ծաղկաշատ համայնքները:



