Հայաստանը և Վիետնամը կարևորում են միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։
Ինչպես Արմենպրեսին -ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ բարեկամ Վիետնամից բարձրաստիճան այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար, և այդ համատեքստում կարևորել է Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նախարար Հա Հունգ Կուոնը նշել է, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների ֆորումը կազմակերպված է բարձր մակարդակով, և շեշտել է ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը։ Հյուրը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Վիետնամի փոխվարչապետ, արտգործնախարար Ֆամ Բին Մինի ողջյուններն ու բարեմաղթանքները։
Վիետնամի արդարադատության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, և իր այցելությունը նաև այդ ուղերձն է պարունակում։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ, կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը։



