Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում պետական բյուջեի միջոցների հաշվին ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության, Մ-4-Ծովագյուղ միջհամայնքային եւ Գեղարքունիքի դպրոց տանող համայնքային ճանապարհներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի Գեղարքունիքի մարզի հատվածում նախատեսված է ասֆալտապատում 13 կիլոմետր երկարությամբ եւ 149 հազար քառակուսի մետր մակերեսով, որի համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 327 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Սուարդի» ԲԸ եւ «Կապավոր» ՍՊԸ շինարարները: Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի վերջերից եւ կավարտվի հոկտեմբերի 10-ին:
Ասֆալտապատվող Մ-4 Ծովագյուղ ավտոճանապարհն ունի 600 գծամետր երկարություն եւ մոտ 4600 քառակուսի մետր մակերես:Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 60 միլիոն դրամ: Շինարարությունը մեկնարկել է սեպտեմբերին եւ կավարտվի առաջիկա 10 օրերի ընթացքում: Գեղարքունիք գյուղի դպրոց տանող ճանապարհի երկարությունը կազմում է 650 գծամետր, ասֆալտապատվող մակերեսը՝ մոտ 4000 քառակուսի մետր: Այստեղ եւս պետբյուջեից հատկացվել է 60 միլիոն դրամ: Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ից:
Խոսրով Խլղաթյան



