Ուսուցիչները ռեալ ծրագրի են սպասում. պետությունը կշտկի՞ ողնաշարը
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվը երեկվանից անժամկետ դասադուլ է հայտարարել:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նազինյանի խոսքով՝ հայտարարված դասադուլն անցած տարվա նախազգուշական գործադուլի շարունակությունն է:
«Դպրոցի մասնաշենքը նախատեսված է ընդամենը 180 աշակերտի համար և արդեն 70 տարվա կյանք ունի: Սեյսմակայունությունն, իհարկե, որոշված չէ, բայց քայլելուց անգամ զգացվում է, որ շենքի վիճակը բարվոք չէ: Այս պահի դրությամբ 180 աշակերտի համար նախատեսված դպրոցում 601 աշակերտ է սովորում: Բացի այդ, դպրոցում աշխատում է հիսուն ուսուցիչ: Արդեն երկու տարի է՝ մենք այդ խախտումներով դպրոցի դուռը 38 հոգանոց առաջին դասարանների առաջ ենք բացում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց 27 տարվա փորձ ունեցող ուսուցչուհին:
Վերջինիս դիտարկմամբ՝ նշված խնդիրների շուրջ պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրել դեռ տարիներ առաջ՝ սկսած 2008 թ. նախագահական ընտրություններից: Վերջին ամիսներին դպրոցի անձնակազմը դիմել էր նաև ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Կրկին ծայրահեղ քայլի՝ դասադուլի դիմելու պատճառը, բնականաբար, պատկան մարմինների անտարբերությունն է: 601 աշակերտի՝ Սահմանադրությամբ վերապահված կրթություն ստանալու իրավունքը 21–րդ դարում ամբողջովին ոտնահարվում է: Դա ոչ մի պատկան մարմնի հետաքրքիր չէ՞»,– իր մտահոգությունը հայտնեց Ռուզաննա Նազինյանը:
Նշենք, որ ծնողներն ու մանկավարժները պահանջում են դպրոցն անհապաղ հիմնանորոգել, դրա հետ մեկտեղ ժամանակավոր միջանկյալ լուծում են առաջարկում:
«Մեր դպրոցից 500 մետր հեռավորության վրա է գտնվում Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը 1500 աշակերտի համար է նախատեսված: Հիմա այնտեղ ընդամենը 200 աշակերտ է սովորում: Այսինքն՝ դպրոցի երկու կորպուսները լրիվ անգործության են մատնված: Մենք ժամանակավոր լուծում ենք առաջարկում՝ եթե ուզում են մեր դպրոցը հիմնանորոգել, գոնե տարրական դասարանները թող տեղափոխեն այնտեղ: Մեծ հաշվով՝ շենքերի տեղափոխություն է պետք: Ավագ դպրոցը Համաշխարհային բանկի հետ հիմնանորոգման պայմանագիր ունի: Հիմա 200 աշակերտ ունեն` այն դեպքում, երբ մեզ մոտ նման պայմաններում 601 աշակերտ է սովորում: Ինչո՞ւ են հիմնանորոգում 1500 աշակերտի համար նախատեսված այդ դպրոցը: Իսկ եթե այդ դպրոցը տրամադրեին մեզ, մենք գոհ ու երջանիկ կաշխատեինք: Միգուցե պետությունն այդ ընթացքում կշտկե՞ր ողնաշարն ու ավելի բարվոք պայմաններ կստեղծեր մեր՝ 601 աշակերտ ունեցող դպրոցի համար»,–նկատեց մեր զրուցակիցը:
Ռուզաննա Նազինյանի կարծիքով՝ շենքերի տեղափոխությունն ավելի հարմար է, քանի որ կան ուսուցիչներ, ովքեր երկու դպրոցներում էլ դասավանդում են: Ըստ նրա՝ տեղափոխության դեպքում ուսուցիչներն այլևս ստիպված չեն լինի անընդհատ այս դպրոցից այն դպրոց տեղափոխվել:
«Մենք դասադուլը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև արձագանք լինի: Մենք այն չենք դադարեցնի, մինչև բանավոր խոստումից բացի մեզ ռեալ ծրագիր ցույց կտան: Գոնե պատշաճ ուշադրության արժանացնեն հարցը, բայց վերաբերմունքն այժմ անլուրջ է»,– հավելեց ուսուցչուհին:



