Այգու ծառերի 80%–ը դրանց երեսից կտրել ենք. շնողցիները փոխհատուցում են պահանջում
ОБЩЕСТВОPast.am Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները «Թեղուտ» ՓԲԸ–ից փոխհատուցում են պահանջում:
Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը 142,2 միլիոն տոննա արտադրողականությունը 15 միլիոն տոննայով ավելացնելու պահանջ է ներկայացրել: Օրերս էլ այս թեմայով հանրային քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև Շնող համայնքի բնակիչները: Շնողի բնակիչները համաձայն չեն, որ կոմբինատն իր արտադրողականությունն ավելացնի:
Շնողցիների խոսքով՝ առանց այն էլ իրենք հսկայական վնասներ են կրում: Կոմբինատի պոչանքների պատճառով տեղի գյուղատնտեսությունն է հարցականի տակ դրվել, ինչպես նաև արտազատած վնասակար նյութերից իրենց առողջությունն է քայքայվում:
Շնողի բնակիչները «Փաստ» օրաթերթին հայտնեցին, որ կոմբինատի հասցրած վնասները պարզելու նպատակով գյուղմթերքից լաբորատոր հետազոտության համար նմուշառում է կատարվել, սակայն գյուղացիները թերահավատորեն են մոտենում պատասխաններին:
«Ակնհայտ է, որ մեր բերքի որակը վատանում է: Պոչամբարը համարյա այգու մեջ է, ո՞նց կարա վնաս չտա: Հըմի իրանք կարան գրեն, որ վնաս չի տալիս, բայց տալիս է, քանի տարի է էդ մասին մենք բարձրաձայնում ենք: Մենք հավատում ենք, որ կարան մի երկու կոպեկ փող տան ու հետազոտության արդյունքները կեղծեն»,– ասացին շնողցիները:
Շնողում գյուղացիներն արդեն ստիպված են ծառերը կտրել:
«Մենակ մի այգու ծառերի 80%–ը դրանց երեսից կտրել ենք: Ծառերը սաղ փչացել են»,– պատմեց գյուղացիներից Աշոտ Ադամյանը:
Նրա դեղձի այգին կամաց–կամաց շարքից դուրս է գալիս:
«Երիտասարդ ծառերը էլի դիմանում են, մեծ ծառերը՝ չէ: Ծառերը սաղ դեղնում են: Դեղձը ծառի վրա թոշնում թափվում է, բանջարեղենը մեկել տեսնում ես՝ սաղ դեղնեց ու չորացավ»,– նշեց նա:
Եթե լաբորատոր հետազոտության արդյունքները դրական լինեն, Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստացել է գյուղացիների կրած վնասը հատուցել: Փոխհատուցման ծավալների մասին առայժ խոսք անգամ չի հնչել:
Փոխհատուցում չստանալու դեպքում շնողցիները չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել, նրանք քայլերի են դիմելու:
«Եթե ասեցին, որ վնասատու չէ կոմբինատից արտանետված նյութերը, մենք կարող ենք լաբորատորիայի դեմ էլ բողոքել: Դատարան ենք դիմելու ու փոխհատուցում ենք պահանջելու»,– իրենց առաջիկա անելիքները ներկայացրեցին Շնողի բնակիչները:



