Տարեվերջին Հայաստանը կունենա պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցության 58,8% ցուցանիշ
ОБЩЕСТВОՀՀ արտաքին պարտքը 2017 թ. վերջին կավելանա շուրջ 400 միլիոն դոլարով` կազմելով 5,4 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 25–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Արտաքին պարտքը` ներառյալ նաև Կենտրոնական բանկի պարտքը, 2016 թ. վերջի դրությամբ կազմում է 4,8 միլիարդ դոլար: Այս տարվա վերջին մենք կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ 400 միլիոն դոլարով և ներքին պարտքի ավելացում շուրջ 30 միլիոն դոլարով: 2017 թ. արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը կկազմի շուրջ 5,4 միլիարդ դոլար, ներքին պարտքը` 1 միլիարդ 269 միլիոն դոլար»,– նշեց Վարդան Արամյանը:
Նախարարը հավելեց, որ տվյալ դեպքում ավելի ճիշտ է նայել պարտք–ՀՆԱ հարաբերակցությանը, քան անվանական ցուցանիշներին: «Ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, որպեսզի մենք հետևենք հարաբերական ցուցանիշներին»,– նշեց Արամյանը:
Նա նաև հավելեց, որ 2016 թ. վերջին Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը` ներառյալ նաև Կենտրոնական բանկի պարտքը, ՀՆԱ–ում եղել է 56,6%: Մինչև ընթացիկ տարվա վերջ ցուցանիշը կմոտենա շուրջ 58,8%–ի:



