Ինչու՞ Վովա Գասպարյանը հիշեց Վանոյին
ОБЩЕСТВОՀայաստանի անկախության օրը, Եռաբլուրում պատասխանելով լրագրողների հարցերին, ոստիկանապետը խոսեց նաև Վանո Սիրադեղյանի մասին: Գասպարյանը նշեց, որ Վանոն իր ավագ ընկերն է եղել ու կա:
Այն, որ Վովա Գասպարյանն աշխատել է Վանո Սիրադեղյանի ենթակայության տակ, գաղտնիք չէ: Խոսվում է նաև վերջիններիս բավական մտերիմ հարաբերությունների մասին: Հետաքրքիր է այլ բան ՝ ինչու է Գասպարյանը հիշել Սիրադեղյանին հենց հիմա, երբ ոստիկանությունն ակնհայտորեն նգտնվում է հասարակության և այլ ուժային կառույցների թիրախում: Բնականաբար կարելի է պնդել, որ նա ընդամենը պատասխանել է լրագրողների հարցին: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս մյուս խնդիրը ՝ ինչու է լրագրողների մոտ նման հարց ծագել, որտեղից են նրանք վերցրել այդ հարցը:
Իսկ այդ հարցը վերցվել է Վերնիսաժում տեղի ունեցած վերջին դեպքերին հաջորդած ֆեյսբուքի քննարկումներից, երբ ակնհայտ կազմակերպված կրիմինալ ներկայացնող խմբերի անդամները միմյանց հանդեպ զենքով հաշիվ էին մաքրել քաղաքի կենտրոնում: Այդ ժամանակ էլ քաղաքացիները կարոտով սկսեցին հիշել Վանո Սիրադեղյանին, որը կրիմինալի դեմ սկզբունքային պայքարի առաջամարտիկներից էր, իսկ նրա և օրենքով գողերի միջև եղած հակասությունների մասին ընդհուպ լեգենդներ են շրջանառվում:
Ամեն դեպքում, պատասխանելով Վանո Սիրադեղյանի մասին հարցին, պատասխանելով շատ ջերմ, ինչն ընդունված չէ Սիրադեղյանի հանդեպ իշխանական վերնախավի մոտ, Գասպարյանը փորձում է իրեն ևս տեղավորել Սիրադեղյանի հանդեպ վերջին օրերի կարոտի ստվերում:
Միգուցե, հոգու խորքում կամ պատմական փորձով Գասպարյանն իսկապես համակրում է Սիրադեղյանի մեթոդաբանությանը: Բայց այլ են իրավիճակները: Սիրադեղյանը թիմի անդամ էր և իր հակակրիմինալ սկզբունքային վարքը պայմանավորվում ու պաշտպանվում էր նաև թիմակիցների կողմից: Սա միայն Վանո Սիրադեղյանի պայքար չէր, ՀՀՇ-ի պայքարն է: Ստացվեց այն, թե ոչ, այլ հարց է:
Հիմա, սակայն, գործող իշխանությունը կոնկրետ դիրքորոշում չունի կրիմինալի հանդեպ: Երբեմն որոշների հանդեպ շատ խիստ է, որոշների հանդեպ բարյացակամ: Քրեական հեղինակությունները դրսևորվում են թե ներքին քաղաքականության մեջ, մասնավորապես ընտրությունների ընթացքում, թե արտաքին քաղաքականության մեջ: Բոլորովին վերջերս մենք մամուլում հետևում էինք հայաստանածին և մոսկվայածին հայ քրեական հեղինակությունների միջև հաշիվների պարզման մասին խոսակցությունների:
Այնպես որ, եթե Վովա Գասպարյանն անձամբ ուզենա էլ լինել Վանո Սիրադեղյանի պես, չի կարողանա: Այլ է համակարգը, թիմը, որի շրջանակներում նա գործում է: Իսկ նա համաձայնվել է լինել ոստիկանապետ ՝ հասկանալով, թե ինչպիսին է համակարգը: Հետևաբար հասկացել է նաև ռիսկերը: Ռիսկեր քննադատված լինել հասարակության կողմից առիթ-անառիթ, ինչպես նաև ռիսկեր ՝ ուժային այլ կառույցների կողմից թիրախավորվելու համար, որովհետև հանրային ընկալումներում պետության բռնության մենաշնորհի դրսևորման առաջին գործիքը միշտ ընկալվում է ոստիկանությունը:
Արտակ Ասլանյան



