Փոփոխություն, որը վտանգներ կբերի պետությանը
ОБЩЕСТВОՀարկային նոր օրենսգրքում ներգնա տուրօպերատորները ոլորտի համար ոչ բարենպաստ դրույթ են գտել: Համաձայն նոր Հարկային օրենսգրքի՝ 2018 թվականից Հայաստանի տուրփաթեթների վրա ԱԱՀ է դրվելու: Ներգնա տուրօպերատորների միությունը բազմաթիվ տուրօպերատորներից խնդրի շուրջ մտահոգություններ է ստացել:
«Դրույթը չի խթանի տուրիզմը: Եթե նոր հարկ է ավելանում, բնականաբար, փաթեթների գները պետք է բարձրանան: Իսկ եթե գները բարձրանան, տուրօպերատորների համար դժվար կլինի փաթեթներն ավելի թանկ գնով վաճառել: Արդյունքում մենք ավելի քիչ այցելուներ կունենանք:
Տուրօպերատորները հաշվարկներ, վերլուծություններ են արել ու եկել եզրակացության, որ այդ փոփոխությունը վտանգներ կբերի պետությանը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մենք առանց այն էլ մրցունակ չենք տարածաշրջանում՝ Վրաստանի փաթեթներն ավելի էժան են:
Բացի այդ՝ իրենց մոտ տոմսերն ավելի էժան են, որովհետև ուղիղ չվերթներն էլ են ավելի շատ: Արդյունքում Վրաստանում այցելություններն էլ են շատ լինում: Մեզ մոտ հակառակն է՝ ավիատոմսի բարձր արժեքի պատճառով նաև փաթեթն է թանկ լինում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը:
Վերջինս հայտնեց, որ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը դեռ ամիսներ առաջ այդ հարցով դիմել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:
«Մենք խնդրել էինք, որ հարցը բարձրացնեն կառավարությունում: Այդ հարցը բարձրացրել ենք նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Մեզ ասել են, որ ընթացքի մեջ է՝ կուսումնասիրեն խնդիրն ու որոշում կկայացնեն: Բայց հիմա չգիտենք, թե ինչ կլինի:
Մենք հույս ունենք, որ այն դրական լուծում կստանա»,– ասաց Կարինե Դավոյանը:
Հարցի շուրջ փորձեցինք ստանալ նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի պարզաբանումը, հասկանալ, թե ի՞նչ ընթացքի մեջ է այն:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ է ներկայացվել:
«Նախագծում նաև ներգնա զբոսաշրջային փաթեթների նկատմամբ ԱԱՀ արտոնությունը վերականգնելու ուղղությամբ դրույթ է ներառված: Մինչև նոր Հարկային օրենսգրքի ընդունումը ներգնա զբոսաշրջային փաթեթների նկատմամբ այդ արտոնությունը նախատեսված էր: Նոր Հարկային օրենսգրքով արտոնությունը հանված է»,– ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ բացի մասնավոր հատվածի հետ ունեցած քննարկումներից, հարցը նաև Ֆինանսների նախարարությունում է քննարկվել:
«Բացի այդ՝ ՀՀ նախագահի մակարդակով ևս խնդրի ուսումնասիորության հանձնարարական է եղել: Հանձնարարականի շրջանակներում կրկին քննարկումներ են եղել Ֆինանսների նախարարությունում: Արդյունքում փոփոխությունների նախագծում նեռարվել է նաև այդ հարցը»,– ասաց Մեխակ Ապրեսյանը՝ ընդգծելով, որ նախագիծն արդեն շրջանառվում է:
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում այն ԱԺ կներկայացվի:
Նկատենք, որ մասնավոր և պետական հատվածի միջև կարծես հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ թե ի՞նչ լուծում կստանա այն, ցույց կտա ժամանակը:



