Ցեղասպանությունից փրկված մայրս անգամ իր իրական անունն էր վախենում ասել. 100-ամյա քուրդ ծերունու պատմությունը
ОБЩЕСТВОԷլազիգ նահանգի Քովանջըլար շրջանի Սարահբահչե գյուղում՝ նախկին անունը Չընազ, մինչև 1915 թվականը հայեր շատ են եղել: Այս շրջանը մեծ ողբերգությունների ականատես է եղել, և այժմ էլ շատ ընտանիքներ են ապրում, որոնց տատերը հայեր են, գրում է Taraf պարբերականի հոդվածագիր Ռեմզի Բուդանջիրը:
«Հայերի տեղահանությունից հետո այստեղ հիմնականում երեխաներն ու կանայք են մնացել: Նրանցից ոմանց ամուսնացրել ու թաքցրել են, փոխել են անունները: Այդ կանայք հաճախ միայն ծերանալուց հետո են իրենց թոռներին պատմել իրենց հետ տեղի ունեցած ողբերգությունը»,- գրում է հոդվածագիրը:
Շատ այլ ընտանիքների նման հայերի հետ ազգակցական կապ ունի նաև 100-ամյա Շյուքրու Գյունեշը:
Նրա մոր ընտանիքը սպանվել է տեղահանության ընթացքում, իսկ մայրն ամուսնացել է Գյունեշի հոր հետ:
Այժմ Ցեղասպանությունից փրկված հայուհու որդին Taraf-ին պատմել է մոր պատմությունը։
Նա նշել է, որ Քովանջըլարում, Քարաքոչանում, Բալուում քրդերն ու հայերը միասին են ապրել, և շատ գյուղերում դեռ պահպանվել են եկեղեցիների ավերակները: «Ոչ ոք մյուսի հետ խնդիր չուներ: Պետությունն ասեց կոտորեք՝ կոտորեցին, քանդեք՝ քանդեցին: Երբ երեխա էինք, դա այստեղ պատմվում էր: Այստեղ հայերի հետ շատերն են ազգական, որոշներն էլ չեն խոստավանում»,-ասել է նա ու պատմել, թե ինչպես են կանայք ստիպված եղել ամուսնանալ, քանի որ գնալու տեղ չեն ունեցել:
Ծերունին նշում է, որ եթե հայրը մոր հետ չամուսնանար՝ մորն էլ կսպանեին:
Շյուքրուն նշում է, որ իր մայրը հայ է, հայրը՝ քուրդ: «Հայկական դեպքերի ընթացքում մորս ողջ ընտանիքը սպանվել է, երկու եղբայրներն են փրկվել ու հասել Ամերիկա: Մի մորաքույր ունեի, որի ամուսինը ևս սպանվել էր: Նա էլ լքեց երկիրը: Ես կարծում էի, թե մորս անունն Էմինե է: Պարզվում է՝ իրական անունն Էմինե չէ՝ ստիպված է եղել փոխել անունը, սակայն որքան հարցրինք, մայրս վախից մեզ անգամ անունը չասաց»,-պատմել է հարյուրամյա ծերունին:
Նա պատմել է, որ ավելի ուշ հաջողվել է ԱՄՆ-ում գտնել ու նամակագրական կապ հաստատել քեռիների հետ:
«Այստեղ մնացած մի հայ Ամերիկա էր գաղթելու: Նրա անունը Կըրպո էր: Մորս հետ նրա միջոցով նամակ ուղարկեցինք, որ Ամերիկա հասած քեռիներիս հասցնի: Կարճ ժամանակ անց պատասխան ստացանք: Կըրպոն գտել էր քեռիներիս»,-պատմել է Շյուքրուն:
Բայց քեռիները չեն հավատացել, որ իրենց քույրը ողջ է, և համոզվելու համար խնդրել են, որ մայրն իրենց մանկության հուշերից պատմի, ասի, թե ինչեր են արել միասին:
«Երբ այդ հարցերով նամակը մեզ հասավ, մայրս սկսեց արտասվել: Նա պատմեց՝ մենք նամակ գրեցինք: Այդպիսով՝ նամակագրական կապ հաստատվեց, որը, սակայն, մորս մահից հետո կորավ»,- ասել է նա:



