Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի
ОБЩЕСТВОԼոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչները համայնքի միջով անցնող Հանքաձոր վտակի վրա կառուցված «Չանախչի» փոքր հիդրոէլեկտրակայանի տնօրենից ներդրումներ են պահանջում: ՀԷԿ–ը համայնքին տարեկան 8000 դրամ հարկ է վճարում՝ փոխարենը բնակիչներին հազարավոր դրամների վնասներ է հասցնում: ՀԷԿ–ը մեծ քանակությամբ ջուր է օգտագործում, Դեբեդ գյուղն էլ մնացել է առանց ջրի:
«Էդ տարածքներում ջուրն արդեն անհասանելի է, մարդկանց ծառերն ու հողամասերը չորանում են, որովհետև ջուր չկա, ամբողջը ՀԷԿ–ն է օգտագործում»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին Դեբեդ համայնքի բնակիչները:
Դեբեդն աչքի է ընկնում գեղեցիկ բնությամբ: Գյուղացիների խոսքով՝ իրենք կարող են այդ տարածքներում հանգստավայրեր կառուցել և սեփական բիզնեսով զբաղվել, ՀԷԿ–ի պատճառով, սակայն, չեն կարողանում համայնքի տուրիզմը զարգացնել:
«5 հոգի այդ ՀԷԿ–ում աշխատում է ու 80000 դրամ աշխատավարձ ստանում, եթե այդ մարդիկ կարողանան հանգստյան գոտի սարքել, մի սեզոնում կարող են ավելի շատ վաստակել, քան իրենց աշխատավարձն է»,– փոխանցեց մեր աղբյուրը:
Նույն աղբյուրը հայտնեց, որ մի քանի անգամ արդեն ավագանու անդամները փորձել են ՀԷԿ–ի տնօրենին իրենց նիստերին հրավիրել և քննարկել հարցը, հանդիպումն այդպես էլ չի կայացել:
«Չանախչի» փոքր ՀԷԿ–ը, «Փաստ»–ի տեղեկություններով, պատկանում է Լոռու մարզպետի խորհրդական Աշոտ Մանուկյանին:
«Մենք կարող ենք ապացուցել, որ այդ ՀԷԿ–ն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, մենք ամենաբարձր շեմն ենք իր առջև դնելու, թող ծրագիր անի գյուղում, թող լուսավորություն անցկացնի գյուղում կամ նման այլ ծրագրեր»,– ասաց նա:
Դեբեդցիները պատրաստվում են կրկին ՀԷԿ–ի տնօրենին գյուղ հրավիրել և իրենց պահանջները ներկայացնել, հակառակ դեպքում պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել:
Մանյա Պողոսյան



