Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն
ИНТЕРВЬЮ
Past.am-ը տեղեկացնում է. Հայաստան–Սփյուռք համաժողովին երեկ ելույթով հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Նրա ելույթը շատ քննարկվեց, մեկնաբանվեց, ոգևորեց: Կարծիքները միանշանակ էին՝ նրա քննադատական խոսքն ուղղված էր ՀՀ իշխանությանը:
Կարծիքները, թերևս, միանշանակ լինեին, եթե Արամ Ա կաթողիկոսի ելույթի մեջ որոշակի ազդակներ չլինեին: Նա իր խոսքում հստակ շեշտադրումներ է անում: Առնվազն հինգ անգամ արտաբերում է ներդրումներ, զբոսաշրջություն և բիզնես բառերը: Պատահակա՞ն է:
«Հայաստանը կպարտվի, իսկ Սփյուռքը՝ կմաշի: Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել»,–իր խոսքի առաջին հատվածում հայտարարում է կաթողիկոսը:
Ելույթը շարունակելով՝ րոպեներ հետո ասում է հետևյալը. «Անհրաժեշտ է Հայաստան–Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից»:
Այլ խնդիրների մասին է խոսում ու ընդգծում, որ հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ տնտեսական ներդրումներից կամ հարցերից:
«Անհրաժեշտ է և անհետաձգելի նվազեցնել արտագաղթը: Ինչպես պարոն նախագահն ասաց, անհրաժեշտ է Հայաստանի բնակչության թվային աճին ուղղված կոնկրետ միջոցների ծրագրված օգտագործումը»,– նշում է կաթողիկոսն՝ ըստ էության կարևորելով Սերժ Սարգսյանի՝ մինչև 2040 թ. առնվազն 4 միլիոն բնակչի հասնելու պատրանքը:
«Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանը անցագիր չէ, վայ մեզի, երբ միայն այդպես մոտենանք Հայաստանին: Հարց՝ մի կողմից բարեսիրական գործերով, մյուս կողմից՝ եկե՛ք, բիզնես արեք ասելով... Որքանով էլ գնահատելի լինեն նման նախաձեռնություններն ու կոչերը՝ չենք կարող հզոր Հայաստան կերտել: Սփյուռքը պատահական ներդրումներից անդին կոչված է լայնածավալ ու երկարաշունչ ծրագրերով մասնակից դառնալու Հայաստանի տնտեսության աճին»,– իր ելույթի տարբեր հատվածներում ասում է Արամ Ա–ն:
Խոսքի վերջին հատվածում կրկին անդրադարձ է կատարում ներդրումներից այն կողմ ակնկալվող հնարավորություններին:
«Հայաստան–Սփյուռք գործակցության ծավալումը սովորական ներդրումներից անդին կենթադրի՝ Հայաստան–Սփյուռք գործակցությունը միայն տնտեսական շրջագծի մեջ պետք չէ դիտել: Սփյուռքի դերը Հայաստանի նկատմամբ սոսկ բիզնես անել չէ»,– կրկին ընդգծում է կաթողիկոսը: Ներդրումների, բիզնեսի և զբոսաշրջության մասին, իհարկե, իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն են խոսում: Բայց գաղտնիք չէ, որ նշվածներն իրագործելու փաստն այս ժամանակահատվածում վերագրված է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի տասնյակ գործարարների մասնակցությամբ էր, որ դեռ մարտին ստեղծվեց «Հայաստանի ներդրողների ակումբը»: Ակումբը հանդես եկավ Հայաստանի էներգետիկ ոլորտում խոշոր ներդրումային ծրագրով:
Կարեն Կարապետյանը խոստացավ Հայաստանում 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել, որից միայն 830–850 մլն դոլարն այս տարի: Նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ զբոսաշրջության զարգացումը որպես գերակա ճյուղ ներկայացվեց: Նույնիսկ Զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծվեց: Պատահակա՞ն էին շեշտադրումները, թե հասցեատերը Կարեն Կարապետյանն էր: Միգուցե՞ Արամ Ա կաթողիկոսի ելույթը Սփյուռքի դիրքորոշումն էր 2018թ. վարչապետի հարցում:
Աննա Բադալյան




















































