Սիրիայի բանակը հատեց Եփրատի ձախ ափը
МЕЖДУНАРОДНОЕԻնչպես օրեր առաջ տեղեկացրել էինք՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում ծավալվելիք նոր օպերացիայի վերաբերյալ, որին «Ջազիրայի փոթորիկ» անունն է տրվել: Գրել էինք նաև այն մասին, որ ռազմական գործողությունները կոալիցիան նախատեսում է ծավալել Եփրատի ձախ վտակը հանդիսացող Խաբուր գետի երկայնքով, մինչև Դեյր–էլ–Զոր՝ ԱՄՆ–ի ցամաքային զորքերի, քրդական SDF/YPG–ի և Ասադին ընդդիմադիր սունի ցեղերից բաղկացած Ջեյշ Մահավիր աթ–Թաուրա խմբավորման գրոհայինների ուժերով:
Այս համատեքստում «Փաստը» նաև ամրագրել էր, որ, փաստորեն, այս պահին Սիրիայում պայքար է ընթանում ռեսուրսառատ Եփրատի ափերի համար, և Կոալիցիայի՝ Դամոսկոսին հղված վերջնագիրը՝ Դեր–Զորից Եփրատի ձախ ափ չհասնելու վերաբերյալ, ըստ էության, վերը նշվածի խոսուն ապացույցն է հանդիսանում:
Երեկ, սակայն, պարզվեց, որ պաշտոնական Դամասկոսը որոշել է բացարձակապես ուշադրություն չդարձնել այս վերջնագրին և «Ասադ» անունն ստացած սեփական օպերացիան ընդլայնել մինչև կոալիցիայի համար անցանկալի տարածք: ՌԴ օդուժի օժանդակության պայմաններում՝ Սիրիայի բանակն անցած գիշեր հատեց ԱՄՆ նախանշած կարմիր գծերը և անցնելով Եփրատի ձախ ափ՝ մի քանի կիլոմետր շառավղով պլացդարմ զբաղեցրեց:
Արդեն սեպտեմբերի 19–ի առավոտյան սիրիական աղբյուրները տեղեկացնում էին, որ սիրիական բանակն այս հատվածում հավելյալ ռազմական ուժեր է մոբիլիզացրել՝ իր ընթացքը կատաղորեն կասեցնել փորձող ԴԱԻՇ–ի գրոհայիններին ջախջախելու համար, իսկ իրանական աղբյուրներն ուղիղ տեքստով էին գրում այն մասին, որ ի տարբերություն պաշտոնական բանակի՝ իսլամիստները փամփուշտ անգամ չեն արձակում քրդական ուժերի և ընդհանրապես Եփրատի ձախ ափում տեղակայված ուժերի ուղղությամբ…
Այդպես է, թե ոչ՝ այս պահին դժվար է ասել, բայց փաստ է, որ Եփրատի համար, իսկ ավելի ճշգրիտ՝ սիրիական պատերազմում միանգամից բոլոր դափնիները Ասադին չթողնելու նպատակով, իսկապես կատաղի պայքար է ծավալվելու: Սիրիական անկախ աղբյուրների համաձայն՝ ողջ օրվա ընթացքում պաշտոնական բանակը գրոհում է միաժամանակ Դեյր–էլ–Զորից հյուսիս և արևելք, ինչպես նաև՝ ուժեղացնում է իր դիրքերը Եփրատի ձախ ափում՝ ռազմական տեխնիկայի անխափան առաջխաղացման համար հստակ օպերացիոն ճակատի ապահովման համար:
Լավ, բայց ո՞րն է Ասադի հաջողության գաղտնիքը՝ տարակուսում են ռազմական փորձագետները, կամ՝ ինչո՞ւ կոալիցիան քրդերի հետ միասին չկարողացավ հակազդել նրան այն դեպքում, երբ այսպիսի ընթացքը դժվար չէր կանխատեսել:
Մեր տպավորությամբ՝ Սիրիայի բանակը, որի մարտունակությունն այս տարիներին ոչ թե կյանքի, այլ մահվան մեջ բովվեց, իսկապես իր հայրենիքն ազատագրելու կամքով է կռիվ տալիս իսլամիստների դեմ, և այս փաստը չնկատելը հազվադեպ կարճամտություն է:
Դժվար է թերագնահատել նաև տեղանքի ընտրությունը՝ Դեյր–էլ–Զորից հարավ, որտեղ գետի լայնությունն ընդամենը կես մետր է կազմում, հարավից բանակին պաշտպանում են ճահճուտները, իսկ քանի որ առկա փոքրիկ բնակավայրերն էլ շատ նոսր են կառուցապատված, ակնհայտ է, որ սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումն անգամ, որ ԴԱԻՇ–ի որսորդներ անունն է ստացել, առանց հավելյալ ուժերի անգամ և արդեն այս պահին ի վիճակի է ցանկացած շարժ վերահսկել՝ օպերացիայի ընթացքում օդուժի հարվածներն էլ իբր հավելյալ բոնուս իր ակտիվում գրանցելով:
Անշուշտ, այս իրավիճակում անկանխատեսելիության գործոնը նույնպես չի բացառվում, բայց կարծես թե ակնհայտ է դառնում նաև այն փաստը, որ պաշտոնական Դամասկոսը նաև բերրի Եփրատի ու նավթառատ այս տեղանքի համար մղվող պայքարն է շահում՝ բեկելով քրդերի՝ մինչև Դեյր–էլ–Զոր տարածվելու վաղեմի երազանքը:



